Գլխավոր Հասարակություն 

Օբյեկտիվ չէ, որ տրանսպորտը չի թանկանում. Հայկ Մարության

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, երդման արարողությունից հետո Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով հարցին, կարելի է արդյո՞ք ենթադրել, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելով ինքն ավարտում է դերասանի կարիերան, բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ 5 տարի անց ինքը կարող է վերադառնալ դերասանական կարիերային:

Մարությանը նշեց, որ հիմա էլ օրենքը թույլ է տալիս իրեն զբաղվել դերասանական կարիերայով, սակայն ինքը վստահ է, որ ժամանակ չի ունենալու դրա համար:

Երևանի քաղաքապետը խոսեց նաև տարիներ առաջ Երևանում տեղի ունեցած տրանսպորտի թանկացման դեմ պայքարի մասին, որին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ինքը: Մարությանը նշեց, որ թանկացմանը դեմ է եղել, քանի որ տեղափոխվելու իրավունքն ամենակարևոր իրավունքներից է, իսկ այն ժամանակ լուրջ խնդիր է եղել այդ մասով: Երևանի քաղաքապետի խոսքերով, 2013 թվականից հետո ամեն ինչի գինը բարձրացրել է, բացի տրանսպորտից: Նրա խոսքերով, չի կարելի ասվածից ենթադրել, որ տրանսպորտը թանկանալու է. «Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք: Իսկ հիմա, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ: Ինձ թվում է, որ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու մասով: Բայց տրանսպորտային միջոցները պետք է փոխվեն հետո խոսել գների մասին»:

Տրանսպորտի թանկացման մասով Մարությանը նշեց, որ միասին է որոշում կայացվելու, իրենք ներկայացնելու են փոխված տրանսպորտի ինքնարժեքը, որը հաստատուն թիվ է լինելու: Տարբերակներից մեկը լինելու է սուբսիդավորումը, մյուսը թանկացումը: Հանրաքվե է լինելու:

Նույն շարքից