Հասարակություն 

Վեհափառ Հայրապետը և Ջասթին Թրյուդոն խոսել են միջկրոնական երկխոսության կարևորության մասին

analitik.am

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի:

Նորին Սրբությունը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման: Նորին Սրբության խոսքով` այն հնարավորություն ընձեռեց ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին և ներկայում Եկեղեցու կողմից տարվող գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գնահատանքով արձանագրեց այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատեց, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:

Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն արտահայտեց հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:

Պրն. Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշեց, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտեց, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:

Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Ջասթին Տրյուդոն խոսեցին խաղաղ, բարօր և ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարևորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսություններում, ինչպես նաև տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական գործիչների կարևոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության և տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Նույն շարքից