Քաղաքականություն 

Երբ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում՝ դա չի նշանակում, թե ժխտում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են. Վարչապետ

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

Երբ ասվեց, որ քաղաքապետի երդման ստորագրված տեքստը կհանձնվի Երևանի պատմության թանգարանին՝ մտածում էի, որ, այո, մենք պետք է նաև դա ասենք, որ տեսեք՝ այս ընթացքում ստեղծվել են պետական ավանդույթներ, որոնք լավ ավանդույթներ են և մարդիկ աշխատել են դրանց վրա, մտածել են, թե ինչպես պետք է լինի այս ամենը, արարողակարգը: Դրանք աշխատանքի արդյունք են, արժեքներ են: Երբեք չենք ասել, թե Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում կամ վերջին 20- 25 տարում երկրում արժեքներ չեն ստեղծվել: Երբ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում՝ դա չի նշանակում, թե ժխտում ենք այն արժեքները, որոնք ստեղծվել են, այդ թվում՝ իշխանությունների կողմից, ընդդիմությունների կողմից, քաղաքացիների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից: Մեր խնդիրը հետևյալն է՝ նոր էջ բացել մեր ժողովրդի պատմության մեջ, որտեղ իսկապես տեղի կունենա ազգային միասնություն, իսկապես տեղի կունենա համաձայնություն, ինչը չի նշանակում, որ բոլորն ամեն ինչի հետ համաձայն են և միակարծիք: Այն ընդամենը նշանակում է, որ բոլորը համաձայն են մի քանի առանցքային կետերի շուրջ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն արտոնյալներ, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի կոռուպցիա, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պետք է լինի հարգված: Մեր քաղաքացիների ամենակարևոր պահանջը խաբված և անարգված չլինելն է, և մեր ամենամեծ առաքելությունը եղել է, կա և կշարունակի մնալ մեր երկրի քաղաքացիներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ մեր երկրի քաղաքացիները ոտքի կանգնեն, ուղղեն իրենց մեջքը, ինչն արդեն իսկ արել են և հպարտ, ազատ ու երջանիկ պետք է քայլեն դեպի մեր ժողովրդի համազգային երազանքների իրականացում:

Հարգելի պարոն Մարության,
Ավագանու հարգելի անդամներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում ձեզ արդյունավետ աշխատանք՝ երևանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու գործում: Ուրեմն, ի գործ, ի գործ, ի գործ»:

Նույն շարքից