Հասարակություն 

Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների մասին

analitik.am

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հոկետմբերի 11-12-ն այցելեցի Արցախ: Այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:

Սկզբունքը հստակ է. չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն հանրահայտ այս սկզբունքը, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, ում պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավված լինեն մարդու իրավունքներին առնչվող միջազգային գործընթացներին: Պետք է ակտիվ լինեն նաև միջազգային իրավապաշտպանների այցերն Արցախ: Այս խնդիրները պահանջում են բոլորիս միասնական ու անընդհատ ջանքերը: Տարվող աշխատանքը պետք է լինի ապաքաղաքական ու բարձր պրոֆեսիոնալ՝ սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կառույցների հետ կապերի ճկուն գործադրմամբ:

Այս բոլոր հարցերում առանցքային է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը: Կարևոր արդյունքներ ու աշխատանքի բոլորովին նոր նշաձող արդեն իսկ արձանագրված են Ռուբեն Մելիքյանի պաշտոնատավարման ընթացքում: Անձամբ ճանաչելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանին, աշխատակազմի ղեկավար Տիգրան Բաղրամյանին ու աշխատակազմի մյուս ներկայացուցիչներին՝ վստահ եմ, որ այս կառույցի աշխատանքն այսուհետ ևս լինելու է արդյունավետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործադրի բոլոր ջանքերը ձևավորված ամուր համագործակցությունը զարգացնելու համար»:

Նույն շարքից