Քաղաքականություն 

Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը

analitik.am

Վիլնյուսում մեկնարկում է «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: Օրակարգում Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերն են, ներառյալ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: ԵՄ-ն համանման համաձայնագրեր  ակնկալում էր ստորագրել նաեւ Ուկրաինայի հետ, սակայն Կիեւը որոշել էր դադարեցնել նախապատրաստական աշխատանքները՝ դա հիմնավորելով Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:

Գագաթաժողովի շրջանակում գործընկերության անդամ վեց երկրներից՝ Ուկրաինայից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից եւ Մոլդովայից, ներկայացուցիչներ կժամանեն Վիլնյուս:

Գագաթաժողովի առաջին օրը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ԵԽ ղեկավար Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կքննարկեն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը: Առաջին օրը կամփոփվի աշխատանքային ընթրիքով՝ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների եւ նրանց արեւելյան գործընկերների մասնակցությամբ:  Համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 29-ին, հայտնում է ԵԽ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, նոյեմբերի 21-ից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը կարգադրեց դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները, կիեւցիները  դուրս եկան Եվրոմայդան: Կիեւի իշխանություններն առաջարկեցին առեւտրա-տնտեսական համագործակցության հարցեր քննարկելու համար ստեղծել եռակողմ (Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ) հանձնաժողով: Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն եռակողմ բանակցությունների հնարավորությունը կքննարկի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակում:

Նույն շարքից