Օրեր առաջ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կառուցած շենքերը պետք է քանդվեն և փոխարենը կառուցվեն նորերը:
Analitik.am-ի հետ զրույցում ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Մարությանն ընդհանուր առմամբ ճիշտ է ասել. «Խորհրդային միության ժամանակ կառուցված բնակելի շինությունները, իհարկե ոչ բոլորը, միայն Խրուշովյան տները, պետք է քանդվեն կամ ավելի ամրացվեն: Երկրաշարժից առաջ կառուցված բոլոր շենքերը 7 բալանոց ֆոնի վրա էին և ամեն մի բալի բարձրացման դեպքում, եթե նորմատիվ ակտեր են լինում, դրանք սոսկալի թանկ են լինում, որովհետև բնական է, պետք է արմատուրան շատ լինի, ցեմենտի որակը լավ լինի և այլն: Դրա համար 7 բալով նախագծված շենքերն արդեն թերություն ունեն, որովհետև մեզ մոտ ընդունված է 9, որոշ տեղերում նաև 10 բալը: Այդ առումով որոշ շենքեր խոցելի են և պետք է անընդհատ ուշադիր քննվեն կոնստրուկտորների և Քաղաքաշինության նախարարության կողմից, որպեսզի շենքերի վիճակը պարզ տեսնենք»:
Մինասյանի խոսքերով կան շենքեր, որոնք այնքան էլ կայուն չեն. «Շենքեր կան, որոնք ունեն մեծ բաց և այդքան էլ կայուն չեն, բայց դա չի նշանակում, որ բոլորը մոտակա 10 տարիների ընթացքում կարելի է քանդել, որովհետև դրանք հսկայական ծախսերի հետ է կապված: Յուրաքանչյուր շինության կյանք հատուկ խնամքով կարելի է երկարացնել: Խորհրդարային Միության ժամանակ յուրաքանչյուր շենքի պահպանման համար հատուկ նախատեսված ծախսեր կային, որ այդ շենքերը կարողանային երկար դիմանալ»:
Մինասյանը նաև ասաց, որ Խրուշովյան բնակելի շենքերը նախատեսված էին 50-ից 70 տարվա կյանքի համար, որից հետո դրանք պետք է փոխարինվեին, ինչպես արվում է Մոսկվայում. «Այն երկրները, որտեղ կա մեծ բյուջե, կարողանում են դա անել: Ինձ թվում է, որ երկարատև ժամանակաշրջանի համար ծրագիր պետք է պատրաստվի և ելնելով նրանից, որ Երևանում շատ վթարային շենքերի քանակությունն արդեն 400-500 անց է, դրանք այսօր պետք է ամրացնել, կամ եթե արդեն ամրացման ռեսուրս չկա, քանդել և նորը սարքել»:
«Ժամանակի առումով չեմ կարող ասել, թե ինչքան կտևի շենքեր քանդելը, որովհետև պետք է որոշակի բյուջե լինի և որոշակի մարդիկ զբաղվեն դրանով, որպեսզի այդ երկարատև ծրագիրն իրականացվի: Իսկ Թամանյանական շենքերը քանդելու մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև բոլորն արժեքավոր են: Նրանց հնարավոր բոլոր միջոցներով պետք է միայն պահպանել: Չպետք է թողնել, որ հիմքերը խարխլվեն ջրերից կամ կտուրներից հոսեն: Մենք պետք է ունենանք ծրագիր, որի շնորհիվ կկարողանանք պահպանել բնակելի ֆոնդը և ամրացնել դրանք»,- ասաց Մինասյանը:
Հարցին, արդյո՞ք Հայկ Մարությանի հայտարարությունը համարում է պոպուլիզմ և որքանո՞վ է դա իրատեսական, Մինասյանը պատասխանեց. «Իրատեսական է, թե ոչ՝ չեմ կարող ասել, որովհետև երկար գործընթաց է և շատ մեծ գումարների հետ է կապված, բայց կարծում եմ, որ պոպուլիզմ չկա: Ժողովուրդը կարծում է, որ պետք է շինությունները սարքվեն 5-ից 10 տարվա ընթացքում, բայց դա անհնար է»:
Ըստ ճարտարապետի, պետք է բոլոր շենքերն իրենց թերություններով ցուցակագրել և ըստ ամեն շենքի, ունենալ յուրահատուկ մոտեցում և հենց դա կարող է լինել մեծ գործ՝ իր հետևանքով հանդերձ:
Օֆելի Իսրայելյան