Քաղաքական 

Տ. Սարգսյանը արագացրեց նիստի ընթացքը՝ ընդհատելով զեկուցողներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Կառավարության հերթական նիստի կեսից սկսած որոշման նախագծերը ներկայացնող նախարարներին և փոխնախարարներին սկսեց շտապեցնել և նիստը վարել սովորականից ավելի արագ:

Մասնավորապես, երբ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացնում էր Երևան քաղաքի Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը, վարչապետը նրան կեսից ընդհատեց և ասաց. «Շնորհակալություն, հարցեր կա՞ն ... որոշումն ընդունված է»:

Այնուհետև Պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Վոլոդյա Ավետիսյանը ամբիոնի առջև ներկայացնում էր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների պատկանելությունը սահմանելու մասին» որոշման նախագիծը, վարչապետը ընդհատեց և ասաց, որ դրա բովանդակությունը իրենք բոլորը անգիր գիտեն, նշեց, որ որոշում ընդունված է և խնդրեց անցնել հաջորդ նախագծին:

Վարչապետը այս կերպ արագացրեց նիստի ընթացը և կարճ ժամանակում ավարտեց այն:

Նույն շարքից