Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ ներկա ու նախկին պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այն մարդկանց թվում է, որոնց կարծիքով խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան որքան հնարավոր է շուտ:
Analitik.am-ի հետ զրույցում պարոն Ալեքսանյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները որքան շուտ անցկացվեն, այնքան լավ. «Դա առանձնապես մեծ քաղաքական հարց չէ: Իհարկե, երևի ոչ բոլորն են ինձ նման մտածում, բայց ես կարծում եմ, որ ինչքան շուտ լինեն խորհրդարանական ընտրությունները, այնքան լավ: Երկիշխանությունն ընդհանուր առմամբ ճիշտ չէ ո՛չ Փաշինյանի և ո՛չ էլ ՀՀԿ-ի համար: Ինչքան շուտ ընտրությունները լինի և ինչքան շուտ այս ճգնաժամային վիճակից դուրս գանք, այնքան լավ: Այս ընթացքում իրոք խնդիրներ չեն լինի, որովհետև ժողովրդի և քաղաքական ակտիվների կողմից սպասողական վիճակ է»:
Ըստ նախկին պատգամավորի ՀՀԿ պատգամավորների քայլը դավաճանություն չէ. «Եթե ընտրությունների օրվա հետ կապված տարակարծություններ կան, տրամաբանորեն այդտեղ դավաճանության ոչինչ չկա: Հնարավոր է շատերը դրա մեջ տարբեր բաներ գտնեն, բայց ես մտածում եմ, որ այս երկիշխանությունից պետք է դուրս գալ: Պետք է ՀՀԿ-ի և այսօրվա իշխանություններին հնարավորություն տրվի, և ի վերջո պետք է որոշակիություն լինի դրա մեջ, իսկ դա ինչքան շուտ լինի, այնքան լավ, որովհետև երկրի տնտեսության ու քաղաքական դաշտի ձևավորման համար դա իզուր ուշացում է»:
Օֆելի Իսրայելյան