Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, որը վերջին երեք տարիներին գլխավորել է ԵՄ-ի հետ բանակցություններում երկրի պատվիրակությունը: Այդ մասին հայտնել են վրացական հեռուստաընկերությունները, որոնք հաղորդում են Վիլնյուսից:
Համաձայնագրի (տեքստը բաղկացած է 1.000 էջից) տեխնիկական նախաստորագրումը սկսելուց առաջ Զալկալիանին վրացի լրագրողներին ասել է, որ այդ փաստաթղթի նախաստորագրումը «Վրաստանի համար պատմական իրադարձություն է»:
«ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին խորհրդանշական գործողությունը» նոյեմբերի 29-ին կստորագրեն երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Նախօրեին Փանջիկիձեն հայտարարել է, որ համաձայնագիրը նախատեսում է «ԵՄ-ի հետ Վրաստանի քաղաքական ասոցացում, փուլային տնտեսական ինտեգրում և անդառնալի է դարձնում Վրաստանի եվրոպականացման գործընթացը»: Նախարարի խոսքով՝ տվյալ համաձայնագրով Վրաստանի վրա դրվող պարտավորությունների համաձայն՝ երկիրը «պետք է համապատասխանեցնի իր օրենսդրական դաշտը ԵՄ-ի օրենսդրությանը, ինչպես նաև ուժեղացնի համապատասխան ինստիտուտները»:
Համաձայնագրի ստորագրումը, ԵՄ-ի և Վրաստանի ներկայացուցիչների տեղեկություններով, սպասվում է մինչև 2014 թվականի սեպտեմբեր: