Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին ՀՀ սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Վանուատուի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Վանուատուի վարչապետի գլխավորությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ: Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, այցի ավարտին վարչապետ Սալվաին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Վանուատուի վարչապետին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը: