Արդեն հայտնի է Վիլնյուսյան գագաթնաժողովի օրակարգը: Հաշվի առնելով օրակարգն ու լրատվամիջոցների համար կազմակերպվելիք մամուլի ասուլիսները` գագաթնաժողովը կարելի է բնութագրել ոչ այնքան պատմական, որքան հերթական աշխատանքային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գագաթնաժողովի պաշտոնական կայքը, այսօր տեղի է ունենալու մամուլի ասուլիս Եվրոպական հանձնաժողովի միջազգային տրանսպորտային հարցերի բաժնի ղեկավար Ֆիլիպ Բուրղել Վերնետի եւ Ուկրաինայի պետական ավիացիայի նախագահ Անատոլի Կոլիսնիկի մասնակցությամբ, որը կնիրվի Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը:
Հյուրընկալող երկիր Լիտվայի նախագահությամբ կանցկացվի Արեւելյան գործընկերության երկրորդ գործարար ֆորումը` Business Europe` մասնակցությամբ ԵՄ ներկայացուցիչների, Եվրոպական ներդրումային բանկի եւ Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Այսօր նախատեսվում է նաեւ պաշտոնական ճաշ ԵՄ անդամ 28 պետությունների առաջնորդների, Եվրամիության ղեկավարների եւ Արեւելյան գործընկերության երկրների բարձրագույն ներկայացուցիչների համար: Հիմնական աշխատանքը` գագաթնաժողովի նիստերը և փաստաթղթերի ստորագրման աշխատանքները տեղի կունենան նոյեմբերի 29-ին, որտեղ, բացի պաշտոնական հանդիպումներից, նախատեսված են նաեւ փակ հանդիպումներ: Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն կհանդիպի Արեւելյան գործընկերության վեց պետությունների ղեկավարների հետ, եւ երկու օրերի ընթացքում կողմերը կփորձեն վերանայել Արեւելյան գործընկերության ծրագրի առաջընթացն ու ուրվագծել ուղեցույցներ ապագայի համար: Նախատեսվում է Լիտվայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հանդիպումը, որտեղ կքննարկվի Ուկրաինայի իրավիճակն ու պաշտոնյաները կփորձեն հարթեցնել դիրքերն ու հեռանկարներ կազմել Արեւելյան գործընկերության համար: Ինչպես ենթադրվում էր Վիլնյուսյան գագաթնաժողովը կնշանակի եվրաինտեգրացիայի եւ ասոցացման մի շատ կարեւոր փուլի ավարտ, որով, սակայն, գործընթացը չի ավարտվում:
Երկու օր անց Վիլնյուսը կդառնա պատմություն, ու Եվրամիության հետ ասոցացման հաջորդ հանգրվանը կդառնա երկու տարի անց Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը:
Եվրամիության հետ քաղաքական գործակցության շարունակումն Արեւելյան գործընկեր պետությունների եւ հատկապես Հայաստանի համար անխուսափելի փաստ է: Դա են վկայում, ոչ միայն բարձր մակարդակով արված հայտարարությունները, այլեւ այն, թե երկկողմ համագործակցության համար կողմերը որքան են աշխատել: Նախագահության վեց տարվա ընթացքում Եվրամիության հետ կապերի ամրապնդման նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը վեց անգամ այցելել է Բրյուսել եւ ԵՄ կառույցներ, մասնակցել Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցած երկու գագաթնաժողովներին:
Այն որ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է գագաթնաժողովին` փաստում է, որ Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի հետ կշարունակի մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Եվրամիության պաշտոնյաների այցելությունները Երեւան եւ հանդիպումները նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ` փաստում են, որ Եվրամիությունն էլ նույնչափ կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն ու համագործակցությունը:
Այսպիսով, Արեւելյան գործընկերության շրջանակներում Երեւան է այցելել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Բառոզուն եւ մասնակցել Եվրոպական ժողովրդավարական կուսակցության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Երեք անգամ Երեւանում եղել է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեկ անգամ Եվրոպայի խորհրդի նախպագահ Հերման Վան Ռոմպույը, Երեւան են այցելել արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, վերջին երեք տարիների ԵՄ նախագահող երկրների արտաքին գործերի նախարարներն ու Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն: Սրանք հանդիպումներ են, նախաձեռնություններ եւ ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնց հիմքի վրա ապագայում շարունակվելու է եվրաինտեգրման գործընթացը:
Հայկական կողմը վաղուց է ընդգծել, որ իր քաղաքակրթությունը, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ստեղծման չափանիշները Եվրոպայում են, իսկ Եվրոպան, վստահաբար չի հրաժարվի ոչ միայն մշակված ծրագրերից, այլեւ Արեւելյան գործընկերության վեց պետություններից: Ի վերջո, Հայաստանի առումով հատկանշական է, որ հայկական կողմը ԵՄ-ի հետ ասոցացումը չի կասեցրել: Հայկական կողմը պատրաստ է ասոցացման, իսկ եվրոպական կողմը բազմիցս հայտարարել է, որ ասոցացման հետ կապված հայկական կողմը կատարել է բոլոր պարտավորությունները: Հետեւաբար, Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո հենց այս հիմքի վրա է լինելու ասոցացման հաջորդ փուլը: Հատկանշանակ է նաեւ այն, որ մարդկանց միջեւ շփումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն իրականություն կդառնա հաջորդ տարվանից, երբ ՀՀ քաղաքացիները Եվրամիության անդամ երկրներ կարող են այցելել առանց լուրջ խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուկների եւ անցագրի համար նախատեսված առավել քիչ գումարով: Սա մեկ քայլով կմոտեցնի ՀՀ-ԵՄ համագործակցությունը: