Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աշխատանքային առաջին օրն անցկացրեց Ճամբարակ համայնքի Վահան գյուղի պաշտպանական դիրքերում եւ Ճամբարակ քաղաքում: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, ՀՀ ԶՈւ Վահանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վիգեն Սիմոնյանը, համայնքապետարանի եւ զորամասի աշխատակիցներ:
Վահանի զորամասի հրամանատարը տեղում մարզպետին ներկայացրեց զորամասի առօրյա եւ առաջնահերթ խնդիրները, միաժամանակ հավաստելով, որ առաջնագծում լիովին վերահսկվում է իրավիճակը: Պաշտպանական դիրքերում մարզպետ Գնել Սանոսյանը զրուցեց դիրքապահների հետ, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին ու առօրյա խնդիրներին, շրջայց կատարեց դիտակետերում:
«Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր տղաներին, մեր երկրի սահմանները պահելու համար, մասնավորապես այս պարագայում մեր մարզի սահմանները պահելու համար: Եվ այստեղ ենք, որպեսզի մեր զինվորներին, մեր սպայական կազմին ասենք, որ մարզը, մարզպետարանը եւ մարզպետը ցանկացած պահի պատրաստ են աջակցել, օգնել մեր զինվորներին: Մենք պետք է առավելագույն ուշադրությունը սեւեռենք պաշտպանական հիմնախնդիրներին: Հնարավոր է, որ առանձին համայնքներում սոցիալ-տնտեսական որոշակի հիմնախնդիրների լուծումը ինչ-ինչ պատճառներով ուշանա, սակայն առաջնագծում ծառայող զինվորը պետք է որեւէ խնդիր չունենա: Շատ շուտով մենք կհասնենք նրան, որ մեր ամեն մի քաղաքացին անձամբ զգա դրական փոփոխությունները, իսկ զինծառայողները դրանք պետք է զգան առավելապես:
Իրար հանդեպ միշտ եղեք հարգալից ու սիրալիր, միշտ հիշելով, որ ձեր թիկունքում ձեր ընտանիքի անդամներն են, ձեր հարազատները: Իսկ մենք առավել պետք է մտահոգվենք ձեր անվտանգության բարձրացմամբ, ծագող հիմնախնդիրների կարգավորմամբ: Այսօր ես ձեզ պաշտպանական դիրքում տեսա միանգամայն մարտական տրամադրությամբ, այդ տրամադրությամբ էլ ուզում եմ սկսել իմ առաջին աշխատանքային օրը»,-դիրքապահ հրամանատարին ու զինվորներին դիմեց մարզպետը:
Ապա Գնել Սանոսյանն այցելեց Վահան գյուղի Պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում եւ Արցախյան ազատամարտում զոհված վահանցի քաջորդիների շիրիմներին:
Վահանի մանկապարտեզում մարզպետը ծանոթացավ հաստատության պայմաններին եւ առօրյա խնդիրներին, զրույց ունեցավ տնօրենի եւ աշխատակիցների հետ: Տնօրենի ներկայացմամբ՝ այստեղ հաճախում են նախադպրոցական տարիքի 44 երեխա, որոնց թիվն առաջիկայում կարող է ավելանալ, եթե հաջողվի շենքային նոր պայմաններ ստեղծել:
Մարզպետը տեղում ծանոթացավ նաեւ Վահանի աղբավայրի փակման աշխատանքներին: Ինչպես տեղում ներկայացրեց Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, Վահանի աղբավայրի փակման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին, իրականացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
«Հին աղբավայրը լիովին փակվում է, տեղում կատարվելու է ծառատունկ, իսկ նոր աղբավայրը կգործի ժամանակավորապես, մինչեւ որ Հրազդանում գործարկվի կոշտ թափոնների վերամշակման գործարանը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Ճամբարակ քաղաքում մարզպետն այցելեց զբոսայգու շինհրապարակ, որը վերակառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Մարզպետի այցի վերջին կանգառը Ճամբարակ քաղաքի բռնցքամարտի խմբակում էր, որտեղ այս պահին մարզվում են 97 բռնցքամարտիկ: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ կարճ ժամանակի ընթացքում քաղաքի բռնցքամարտի թիմը գրանցել է լուրջ ձեռքբերումներ՝ տալով Հայաստանի չեմպիոն եւ Եվրոպայի առաջնության մասնակից երկու թեկնածուներ:
«Ձեռքբերումներն ավելի ակնառու կլինեն, եթե կարողանանք ստեղծել շենքային ու մարզումային բավարար պայմաններ, ինչի ուղղությամբ եւս մտածում ենք, համարժեք քայլեր փորձում ձեռնարկել, սակայն աջակցության խիստ կարիք ունենք», -նշեց համայնքի ղեկավարը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզպետը նշեց, որ Ճամբարակը, որպես սահմանամերձ համայնք, մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում, իսկ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մարզպետարանի հնարավորությունների սահմաններում, ստանալու են համապատասխան աջակցություն:
«Ճամբարակի խնդիրներն ավելի շատ են, քան մարզի այլ տարածաշրջաններում է: Սակայն, ի ուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ Ճամբարակն աշխույժ աշխատանքային իրավիճակում է: Ծրագրեր կան բավականին, որոնք ընթացքի մեջ են: Նաեւ ծանոթացանք տարիներ ի վեր կուտակված խնդիրներին: Այս ամբողջ տեղեկատվությամբ կգնանք, կսկսենք աշխատել, որպեսզի այն խնդիրները, որոնք դեռեւս լուծում չեն ստացել, լուծենք, իսկ այն աշխատանքերը, որոնք ընթացքի մեջ են, բարեհաջող շարունակենք եւ ավարտենք: Այսօր ես Ճամբարակում տեսա աշխատանքային եռանդ, նկատելի ձեռքբերումներ: Մենք կանենք հնարավորը, որպեսզի ավարտի հասցվեն սկսված ծրագրերը, նոր նախաձեռնությունները ստանան պետական բավարար աջակցություն: Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մենք առաջիկայում կգրանցենք տեսանելի դրական արդյունքներ»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: