Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին կոչ է արել հրապարակել իրենց պարը «կովկասյան պարեր» հեշթեգերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կադիրովի «Տելեգրամ»-ի ալիքի գրառումը:
«Փաշինյան-Մակրոն պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար պարային մարաթոնի սկիզբը դառնալ: Կարծում եմ, որ նախաձեռնությանը կաջակցեն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչները: Յուրաքանչյուր քաղաքական գործիչներին և ղեկավարներին խնդրում եմ հրապարակել իրենց պարերը #кавказскиетанцы #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով»,- տելեգրամ-ի իր ալիքում գրել է Կադիրովը:
Նրա խոսքերով, լեզուն ու պարն ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են․ «Եթե խոսենք Կովկասի մասին, ապա պարերը միավորում ու համախմբում են մեր ազգերը: Այս մասին ես միշտ հիշում եմ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու Մակրոնը համերաշխ և տակտով պարում են կովկասյան պարերից մեկը:
Կադիրովը խոստովանել է նաև, որ ազգային պարերի մեծ սիրահար է․ «Ցանկացած հարմար առիթի ժամանակ մտնում եմ շրջան: Իմպրովիզներ եմ անում, քանի որ շատ եմ սիրում, երբ պարողը խիստ հետևում է ազգային պարի տարրերին և ունի իր ինքնուրույնությունը»:
Կադիրովը հայտնել է նաև, որ երկուշաբթի օրը Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաևի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև ուրիշ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Կադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին և Մակրոնին: