Քաղաքական 

Ադրբեջանը չի հեռանում Եվրամիությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու է «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին։ Համաձայն տեղական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ այդ այցը տեղի կունենա, չնայած մի շարք քաղաքագետներ վերլուծություններ են անում այն մասին, որ Բաքվի մասնակցությունը Եվրամիության նախագծերին ցանկալի չէ և Ադրբեջանին ոչ մի լավ բան չեն խոստանում, գրում է Независимая газета-ն։

 

Նման եզրակացություններն ավելի արդիական դարձան, երբ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն մտադիր չէ դառնալ ԵՄ-ի ասոցացված անդամ։

 

ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նովրուզ Մամեդովը հերքել է պնդումները, թե Ադրբեջանն ասոցացումից հրաժարվել է ռուսական կողմի ճնշման հետևանքով։

«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ չենք կարող ընդունել ԵՄ-ի առաջարկած ասոցիատիվ համաձայնագիրը։ Մենք ցանկանում ենք փաստաթուղթ պատրաստել, որն ավելի ադեկվատ կլինի մեր՝ ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակին»,-ասել է Մամեդովը։

 

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը НГ-ին հաղորդել է, որ վիլնյուսյան գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է Ադրբեջանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթղթի վրա կողմերը վաղուց են աշխատել, սակայն դրա ստորագրումը Բաքվում ընդունում են որպես եվրոպական կառույցներին ինտեգրվելուն ուղղված հերթական քայլ։

 

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 28 երկրների մասնակիցները, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցները՝ Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Հայաստանը, հաստատել էին իրենց մասնակցությունը վիլնյուսյան գագաթնաժողովին։

Նույն շարքից