«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախաշեմին ԵՄ ղեկավարները Վիլնյուսում հայտարարել են, որ Ռուսաստանին և Եվրոմիությանն անհրաժեշտ է ստեղծել ինտեգրացիոն տարածք, գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը և ԵՄ-ն Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո պետք է «թարմացնեն» հարաբերությունները և սկսեն ինտեգրացիոն տարածքի ստեղծում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- այս մասին Коммерсант-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցիչ Վիգաուդաս Ուշացկասը:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկելու է այսօր Վիլնյուսում: Օրակարգում լինելու է Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերը:
Սպասվում էր նաև ԵՄ և Ուկրաինայի միջև համանուն համաձայնագրի հանգուցալուծումը, սակայն պաշտոնական Կիևը դադարեցրեց գործընթացը` պայմանավորելով դադարը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումով: Մոսկվան և Բրյուսելը փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում միմյանց Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար:
«Կցանկանայինք ակտիվացնել Ռուսաստանի հետ ստրատեգիական երկխոսությունը: Վիլնյուսից հետո անհրաժեշտ է թարմացնել երկկողմ հարաբերությունները: Ցավոք, իմ կարծիքով, Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերությունները վատ ժամանակներ են ապրում»,- ասել է Ուշացկասը:
«Փոխադարձ մեղադրանքների փոխարեն, ավելի ճիշտ կլիներ շատ ժամանակ հատկացնել մեր համագործակցության հեռանկարները քննարկելու համար»,- ավելացրել է նա:
ԵՄ ներկայացուցիչը չի մանրամասնել, թե կստորագրվի արդյոք Ռուսաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրինացման համաձայնագիր հունվարյան գագաթնաժողովին: «Դեռ այդպիսի կանխատեսում չեմ կարող անել»: