Երևանի քաղաքապետի երդմնակալության օրն ունեցած ելույթում ուրվագծեցի ետհեղափոխական ժամանակների մեր պատկերացրած տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևոր խնդիրը մեզ համար, այդ թվում նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերին, շատ կարևոր է լինելու ավարտված համարել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա և ժողովրդական հեղափոխությունը և Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման գործում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
Փաշինյանն ասաց, թե այս իմաստով կարևոր է համարում, որ որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո. «Այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ-ում չպետք է թույլ տանք զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ենթարկվում են որոշակի վերաբերմունքի միայն այն պատճառով, որ կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ: Մեր կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք նույնպես այդպիսի կապեր ունեցել են: Մենք մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը»:
Վարչապետի խոսքերով, Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, դա վերաբերում է բոլորին:
Փաշինյանը հայտարարեց, որ կառավարման համակարգի 90 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, ովքեր եղել են նախկինում նույն պաշտոնին, եզրակացությունն այն չէ, որ այդ մարդկանց պետք է թողնել կամ չթողնել. «Ակնհայտ է, որ այդ 90 տոկոսի մեջ կան մարդիկ, ովքեր աշխատելու ցանկություն չունեն: Ոմանք նույնիսկ ցանկություն ունեն այնպես անել, որ ուրիշները չկարողանան աշխատել: Կան սաբուտաժի նմանվող երևույթներ: Այսօրվա 3 մարզպետերի նշանակումը շատ սիմվոլիկ է: Նրանցից մեկը եղել է հեղափոխության ակտիվ մասնակից, մյուսը եղել է բարիկադների մյուս կողմում, իսկ երրորդը չեզոք հայացքներ ունի»:
Հավելենք, որ Համբարձում Մաթևոսյանն այսօրվա նիստում նշանակվեց Արմավիրի մարզպետ, Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի, իսկ Հունան Պողոսյանը՝ Սյունիքի: