Քաղաքական 

Հայաստան-ԵՄ համագործակցության մասին բարձրացված հարց Լիտվայի խորհրդարանում

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 27-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարանում) հանդիպեց Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբերի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ ծրագրերի եւ փոխայցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Զրուցակիցները համակողմանի քննարկումներ են ունեցել երկկողմ, բազմակողմ եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել հայ եւ լիտվացի խորհրդարանականների հանդիպումներին հաղորդել պարբերական բնույթ եւ մշակել աշխատանքային օրակարգ: Սեյմասի անդամների խնդրանքով Արտակ Զաքարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա ընթացքը, ինչպես նաեւ պատասխանել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների եւ Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերին:

Նույն շարքից