Քաղաքական գլխավոր 

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հետ հարաբերությունների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզպետ նշանակված նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն այսօր մեկնելու է մարզ՝ ստանձնելով իր իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները՝ հավաստիացնելով, որ աշխատելու է մեծ պատասխանատվությամբ:

Պողոսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ծառայելու Հայաստանի Հանրապետության այն պաշտոնում, որտեղ կնշանակվի՝ հավելելով, որ իր նոր պաշտոնում անելու է հնարավորությունների սահմաններում ամեն ինչ նոր Հայաստանն ավելի ամրապնդելու համար:

Ինչ վերաբերում է նախկինում Սյունիքում թույլ տրված հնարավոր չարաշահումներին, Պողոսյանը հայտարարեց, որ օրենքի առաջ բոոլորը հավասար են, և այսօր Հայաստանի իրավապահ համակարգը շատ ավելի հստակ ու պրոֆեսիոնալ է գործում այդ ուղղությամբ:

Սյունիքի մարզպետի պաշտոնի առաջարկը եղել է կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքը սպառնալիքներ է հնչեցրել Շանթ Հարությունյանի և նրա ընտանիքի հասցեին, Պողոսյանն ասաց, որ դրա վրա նյութեր են նախապատրաստվել և ամեն ինչ հերքվել է. «Սկզբնամասը ճիշտ է, եղել է նման հայտարարություն, որի շուրջ կատարվել է քննություն և նույն Շանթ Հարությունյանն ասել է, որ նման բան չի եղել»:

Պողոսյանն ասաց, որ այսօր գնալու է Կապան, որտեղ կմնա տևական ժամանակ՝ հավելելով, որ ընտանիքն իրեն կմիանա ավելի ուշ:

Հարցին, թե չկա արդյո՞ք մտավախություն, որ սյունեցիները չեն ընդունի իրեն, Պողոսյանն ասաց, որ պետք չէ տարանջատել սյունեցիների, երևանցիների, մեծ սիրով միասին աշխատանք կլինի:

Ինչ վերաբերում է հարցին, Հայաստանում հեղափոխության օրերին քանի անգամ է ինքը խաղաղ ցույցերը ցրելու հրաման ստացել, Պողոսյանն ասաց, որ նման հրաման երբեք չի եղել, եղել է հրաման գործել իրավիճակից ելնելով, իսկ ոստիկանությունը միշտ ձեռնպահ է մնացել կտրուկ գործողություններից:

Հունան Պողոսյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ նշելով, որ վերջինիս հետ ունեցել է, ունի և կունենա շատ նորմալ հարաբերություններ, բայց ամենօրյա շփումներ չկան: Նրա հետ Սյունիքի մարզպետ նշանակվելու հարցը չի քննարկվել:

Հունան Պողոսյանը նաև հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ քաղաքական պատվեր չի ստացել գործ կոծկելու մասով։

Նույն շարքից