Քաղաքական 

Վերաքննիչը 6-րդ անգամ մերժեց կալանքից ազատել Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվողին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 28-ին մերժեց Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին հայցը: Պետրոսյանի հարազատները դիմելու են Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանն արդեն 6-րդ անգամ դիմում է Վերաքննիչ քրեական դատարան` բեկանելու Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«Միջնորդություն էինք ներկայացրել Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու կամ  գրավի դիմաց ազատ արձակելու համար, սակայն դատարանը երկուսն էլ մերժեց»,- ասաց Նորիկյանը:

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արայիկի ծնողներն ու բարեկամները նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին գնալու են ՀՀ Գլխավոր դատախազության մոտ` պահանջելու հանդիպում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: «Մենք պահանջելու ենք անմիջական հանդիպում գլխավոր դատախազի հետ, որից հետո չի բացառվում, որ բողոքի նամակ կներկայացնենք Երեւանում Եվրախորհրդի գրասենյակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:  Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները կարծում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյւողապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։

Նույն շարքից