Հայաստան Քաղաքական 

Հայաստանի ներկան ու ապագան Արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է. Արամ Սարգսյան

Հայաստանին ծրագրված ապագա է պետք:

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն օրախնդիր անհրաժեշտություն է՝ ապահովելու ազգային անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումը, զարգացնելու ազգային տնտեսությունը և քաղաքական, տնտեսական ու գլխավորը՝ մշակութաբանական ճգնաժամից դուրս գալու համար:

Արևմուտքի հետ կապերի բովանդակային խորացումը բխում է մեր ազգային շահերից և մեզ շանս է տալու տեղապտույտից պոկվել, ճիշտ ընկալման դեպքում՝ նաև թռիչքաձև զարգացում ապահովել:

Մեր առաջնահերթ խնդիրն է ձերբազատվել փոքր երկիր լինելու ու անպայմանորեն ինչ-որ միության շրջանակներում մեր գոյությունն ապահովելու բարդույթից: Հայաստանին նախևառաջ պետք է անվտանգություն, որ մեզ համար ապահովում է մեր ազգային բանակը, բայց որևէ պետություն այսօր չի կարող իր անվտանգությունը կապել միայն իր բանակի կամ այն ռազմական բլոկի հետ, որին անդամակցում է այդ նպատակով:

Բազմակողմ կապերի զարգացումն է այն հենքը, ոի վրա Հայաստանը պիտի շարունակի իր անվտանգության համակարգի զարգացումը: Դա նշանակում է ոչ միայն ապավինել ՀԱՊԿ-ի՝ իր պատմության մեջ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած, հիմնականում քաղաքական կառույցին, այլև գործուն կապեր զարգացնել ՆԱՏՕ-ի հետ` ընդգրկվելով Հայաստանի համար արդյունավետ ծրագրերում, ուսումնառազմական փորձ կուտակելու, ռազմական նոր տեխնոլոգիաներին տիրապետելու, այլևայլ խնդիրներ լուծող վարժանքներում:

Հայաստանի համար գերկարևոր է արդյունաբերության վերականգնումը, նոր տեխնոլոգիաներով հագեցած ու աշխատատեղերի ստեղծման հեռանկարներով: Ցանկացած երկիր զարգանում է, երբ արտադրանք է տալիս, ոչ թե շեշտադրում է սպառման ոլորտն ու առևտուրը: Տնտեսական երկնիշ աճի այդ շրջանն անցել ենք ու այդ շրջանի հետևանքն է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ավերակումը: Նոր տեխնոլոգիաների ու ֆինանսական ներդրումների հարցում մեզ կարող են աջակցել միայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, եթե ստեղծենք փոխշահավետ պայմաններ՝ բացառելով մոնոպոլիաներն ու կոռուպցիան: Սա հեռու ապագայի պատկեր չէ, այսօր ու այստեղ է պետք այդ խնդիրները լուծել:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի ներկան ու ապագան Արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է: Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, պարտավոր է օգտագործել անկախ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Արևմուտքը բաց է մեր առաջ ու մեզնից ակնկալում է անկախ ու կանխատեսելի քաղաքականություն:

Նրանց, որ կհարցնեն՝ իսկ Ղարաբա՞ղը, կպատասխանեմ, որ զինադադարի համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքն է երաշխիք եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության համար: Եվրամիության ու ԱՄՆ-ի շահերից բխում է տարածաշրջանում պատերազմի բացառումը, խաղաղության հաստատումը և տնտեսական ծրագրերի իրականացումը՝ բոլոր պետությունների ընդգրկումով: Համոզվելու համար հիշեք ոչ միայն քաղաքական հայտարարությունները, այլև ֆինանսական աջակցությանը, որ ստացել է Ղարաբաղն այս տարիներին: Հավելեմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և դա առաջին հերթին նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի շահերի ըմբռնում, այլ նաև Ռուսաստանը պետք է ունենա Հայաստանի ազգային շահերի գիտակցում ու իր քաղաքականության մեջ բացառի Հայաստանի դեմ քայլերը, և երկրորդ՝ ռազմավարական դաշնակցությունը մի պետության հետ չի բացառում հարաբերությունների զարգացումն այլ պետությունների հետ:

Ի դեպ` դրա փայլուն դասը հենց Ռուսաստանն է տալիս Հայաստանին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր ռազմավարական համագործակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմանի կապերի իրական զարգացումն այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ունենալ թե քաղաքական հաջողություններ, թե տնտեսական:

Անցած տարիներն ապացուցել են՝ այս թեզն այլևս վիճելի չէ և պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ու համակողմանի զարգացման նպատակը:

Արամ Սարգսյան
Հանրապետություն կուսակցություն

Նույն շարքից