Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով վարչապետի թեկնածու առաջադրելու մասին և հավելելով, որ դա կապված չէ փոփոխությունների հետ:
Ռուստամյանի խոսքերով, լուրջ չէ 7 հոգով թեկնածու առաջադրել, երբեք չեն պատրաստվել առաջադրել ու հիմա էլ չեն առաջադրելու:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, որ այդ մասով դեռ որոշում չկա, որոշումը կկայացվի, երբ հստակություն լինի՝ ինչ պայմաններում են ընթանալու ընտրությունները, ինչ օրենսգրքով և այլն:
Ռուստամյանը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան կառավարության ծրագրին համապատասխան: Նրա խոսքերով, ծրագրում գրված է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում, իսկ դա հենց այնպես չէ գրված, կան քայլեր, որոնք պետք է կատարվեն և դրա համար մեկ տարին բավարար է: Պատգամավորի պնդմամբ, կառավարության ծրագրում նշված քայլերը մինչև դեկտեմբեր կատարելը նշանակում է դա անել ափալթափալ:
Ռուստամյանը կարծում է, որ չպետք է ժամկետ դնել ու ամեն ինչ հարմարեցնել ժամկետին, այլ պետք է անել պահանջվելիք քայլերը, ինչից էլ կբխի ժամկետը:
Ընտրական օրենսգրքի մասով էլ Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ-ն ունի իր մոտեցումները, որոնց շուրջ պատրաստվում է խոսել: