Հայաստան Քաղաքականություն 

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու է քարերը հավաքելու ժամանակը. Արմեն Աշոտյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, մասնակցելու է արդյո՞ք Հանրապետականը խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ կուսակցության ներսում կան մարդիկ, այդ թվում նաև ինքը, ովքեր մտածում են, որ ընտրություններին պետք է մասնակցել, կան նաև ՀՀԿ-ականներ, ովքեր պնդում են, որ այս ընտրական ցիկլը պետք է բաց թողնել և պատրաստվել հաջորդ քաղաքական զարգացումներին.  «Այս պահին կուսակցությունը վերջնական որոշում չունի, այս փուլում ընթանում են քննարկումներ, ուսումնասիրություններ, իսկ երբ արտահերթ ընտրությունների օրը նշանակվի, ՀՀԿ-ի որոշումը կկայացվի»:

Հարցին, թե ինչու է ինքը կարծում, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին, Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ն և՛ ասելիք ունի, և՛ անելիք քաղաքական կյանքում և այն բացառիկ կուսակցություններից է, որն ունի գաղափարական հիմք: Աշոտյանի խոսքերով, այլ հարց է, թե որքանով է կուսակցությանը հաջողվել վերջին տարիներին այդ գաղափարական ակունքները զուլալ պահել:

Աշոտյանը խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ կա բարիկադներ կառուցելու և բարիկադներ քանդելու ժամանակներ՝ նշելով, որ պետք չէ բարիկադներ կառուցել հետո դրանք քանդելու համար: Աշոտյանի խոսքերով, Փաշինյանի հայտարարությունն իրեն հիշեցրել է աստվածաշնչյան այն միտքը, որ կա քարերը նետելու ժամանակը և դրանք հավաքելու ժամանակը՝ կարծիք հայտնելով, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու է քարերը հավաքելու ժամանակը:

Նույն շարքից