Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին և նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:
Analitik.am-ը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից և Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս են վերաբերվում վերոնշյալ հայտարարությանը:
Մեզ հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ դա անհրաժեշտություն է. «Որոշումը, միանշանակ դրական հետևանքներ կունենա: Միջոցները չեն փոշիանա, մասնագիտությունների կրկնություն և դուբլյաժ չի լինի: Մենք ավելի շատ բուհ ունենք, քան Սկանդինավյան երկրները և Դանիան իրար հետ վերցրած, իսկ դա խայտառակություն է: Մենք ունենք տասնյակ անգամ քիչ ուսանող, քան այդ 4 երկրներում, բայց ունենք նրանցից շատ ավելի բուհերի քանակ, որն իմաստ չունի: Շուրջ 60 բուհ, այս երկրին պետք չէ, որովհետև ուսանողների թիվը քիչ է: Պետք է խոշորացնել բուհերը՝ թողնել մի քանի մասնավոր և մի քանի պետական բուհեր: Ամեն մեկն իր գործը պետք է անի, թե չէ մեկը մյուսինն է կրկնում և արդյունքում տուժում է որակը»:
Սիմոնյանի խոսքերով, այս որոշումն ուսանողների համար շատ լավ կլինի, որովհետև անմիջապես կազդի որակի բարձրացման վրա և նրանք ճիշտ կկողմնորոշվեն, թե որ մասնագիտության համար, որ բուհն է նախընտրելի և ավելի նպաստավոր. «Բազմաթիվ բուհեր ունենք, բայց դրանց համար այնքան դասախոսական կադրեր չունենք, որ այդ բոլոր բուհերում ապահովենք բարձր կրթական մակարդակ: Ոչ միայն մասնագիտացված, նաև ավելի կենտրոնացված և խոշոր բուհեր պետք է լինի, որ միջոցները չփոշիացվի, և որոնք կլինեն մրցունակ՝ հատկապես միջազգային ասպարեզում։ Ես դա վաղուց եմ ասել և միայն ուրախ եմ որ ԿԳ նախարարն այդ մասին խոսել է»-, ասաց Սիմոնյանը:
«Եթե երկու բուհեր միմյանց հետ համագործակցության արդյունքում, հիմնավորում են, որ միանալով ավելի արդյունավետ կրթություն կարող են իրականացնել, կարծում եմ նորմալ է»,-մեզ հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը:
Մակիչյանն ասաց նաև, որ ավելի շատ կցանկանար, որ գիտական ինսիտուտներն ու բուհերը միավորվեին և կարողանան ասպիրանտական կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպել. «Կարծում եմ, որ ուսանողներին այս որոշումն այնքան էլ չի հետաքրքրում, որովհետև նրանք ավելի շատ ուզում են, որ իրենց տրված գիտելիքն ավելի ժամանակակից և որակյալ լինի, ապահովի իրենց հեռանկարը՝ ապագա աշխատանքում: Այսօր բնակչության վիճակն այնքան էլ լավ չի և հիմա, որ խոսում են հեռակա ուսուցումը վերացնելու մասին, դա իմ կարծիքով հակահայկական և հակաժողովրդական է»:
Մակիչյանի պնդմամբ, հեռակա ուսուցումը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին հնարավուրություն է տալիս միաժամանակ և՛ աշխատել և՛ սովորել. «Հեռակա ուսուցման շնորհիվ, շատ տաղանդավոր երիտասարդներ կարողանում են միաժամանակ կրթություն ստանալ և մենք դարեր շարունակ ունեցել ենք ուսուցման այդ ձևը, իսկ հիմա, երբ բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծում արտահայտված է, որ հեռակա ուսուցում չի նախատեսվում, դա իմ կարծիքով հակաժողովրդավարական քաղաքականություն է»:
Մակիչյանը նաև հավելեց, որ հեռակա ուսուցումը, ինչ գնով էլ ուզում է լինի, պետք է պահպանել՝ հատկապես մեր երկրի համար․ «Մեր բնակչության մեծ մասն անապահով է, իսկ նրանք նույնպես կրթության կարիք ունեն»,-ասաց նա:
Օֆելի Իսրայելյան