Հայաստան Քաղաքական 

Վիգեն Սարգսյանը կարծում է, որ կառավարությունը հերթական հիստերիայի համար հող է նախապատրաստում

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կոնցեպտուալ սխալ է տեսնում Ընտրական օրենսգիրքը հապճեպ փոխելու մեջ:

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշել է, որ դա լավ բանի չի բերելու:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության և Ընտրական օրենսդրությունը բարեփոխելու համար ստեղծված վարչապետին առընթեր հանձնաժողովի անդամների միջև, քննարկվել է ԸՕ փոփոխությունները:

Սարգսյանը, հղում անելով Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքին, նշեց, որ ԸՕ-ի փոփոխություններից հետո ժամանակ է պետք, որ կուսակցությունները պատրաստվեն նոր օրենսգրքով ընտրություններին. «Հիմա օրինակ կառավարությունն առաջարկում է ցուցակում 30 տոկոս ոչ կուսակցականների փոխարեն ընդգրկել 40 տոկոս ոչ կուսակցականների: Դա նշանակում է, որ կուսակցությունները պետք է սկսեն բանակցել բազմաթիվ մարդկանց հետ: Սա միայն մեկ օրինակն է, բայց շատ օրինակներ կան»:

ՀՀԿ-ականի խոսքերով, ինքը համոզմունք ուներ, որ կառավարությունն այս օրենսգիրքը հապճեպ կերպով բերում է, որպեսզի այն չանցնի և այդ չանցնելը դարձնեն քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկա. «Ես այսօր ամրապնդեցի իմ այդ կարծիքը, որովհետև պարոն Միրզոյանը մի քանի անգամ ասաց՝ ահա շատ լավ փաստարկ է չընդունելու համար: Ինձ մոտ ամուր տպավորություն կա, որ կառավարությունը, այս նախագիծը բերելով, ցանկանում է կատարած լինել իր նախընտրական խոստումը, այնուհետև ձեռքերը լվանալ՝ ասելով, որ բերել են, բայց խորհրդարանը չի ընդունել»:

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամկետին և մասնավորապես նրան, թե կողմ է արդյո՞ք ինքը դեկտեմբերին ընտրություններն անցկացնելուն, Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով կա հապճեպություն, որը քաղաքական դաշտին և քաղաքական կուսակցություններին խանգարելու է. «Քաղաքական ուժերը պետք է ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար»:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե իրեն անհանգստացնում է այն քամահրական վերաբերմունքը, որը կա միջազգային պարտավորությունների, իրավական մտքի նկատմամբ. «Այդ մեծամտությունը սխալ մոտեցում է»:

Հավելենք, որ ԸՕ նախագծում չեն ընդգրկվել կոնսենսուսային առաջարկները, որոնք քննարկվել են խորհրդարանում ամիսներ առաջ:

Նույն շարքից