Հայաստան Քաղաքական 

Փոխվարչապետ Միրզոյանը ենթադրում է, որ ԸՕ-ի մասով Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը չի լինի

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը Հանրապետական կուսակցության հետ: Քննարկվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Հանդիպումից հետո Հանրապետական Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ հանդիպումն ուշացած է և խորհրդարանում քննարկված կոնսենսուսային առաջարկները չեն ընդգրկվել նախագծում:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնեց, որ համաձայն չէ Սարգսյանի դիտարկման հետ և կարող է մի սուբյեկտիվ ու համարձակ դատողություն անել. «Ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում էլ բոլորը չէ, որ համաձայն են այդ մտքի հետ, որովհետև առնվազն մի քանի պատգամավոր շատ լուրջ ու բովանդակային քննարկում են իրականացրել»:

Միրզոյանը նշեց, թե Հանրապետական խմբակցության հետ պայմանավորվել են այս ընթացքում ավելի ինտենսիվ աշխատել և եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ օրենսգիրք և ընտրական համակարգ և կա ժամանակ, պետք է ջանքերն ինտենսիվացնել, որոշակի անաչառ շտկումներ անել և գնալ առաջ:

Ինչ վերաբերում է նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ուղարկելուն, Միրզոյանը նշեց, որ հայեցակարգը և օրենքի նախագիծն ուղարկվել է, պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է նաև այսօր. «Վենետիկի հանձնաժողովի հետ շփումները շարունակվելու են, հուսամ որոշակի փոխըմբռնում կլինի: Փորձագիտական եզրակացություն ենթադրում եմ, որ չի լինի»:

Նույն շարքից