Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ամբողջական հարցազրույցն ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների, Իրանի, Արցախյան հարցի և այլնի մասին

analitik.am

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ծավալուն հարցազրույց է տվել EVN Report-ին:

Նա նախ նշել է, որ Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ նա եկավ ավելի քան 3,5 տարի առաջ. «Ես շատ ոգեշնչված եմ և հույսով լի»: Սակայն, նա նաև նշել է, որ մտահոգություն ունի, քանի որ գիտակցում է, որ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին, ինչն ինքն անվանում է Թավշյա հեղափոխություն, պետք է «ճիշտ ճանապարհով» ընթանա: Նա նշել է, որ Հայաստանը կարող է ընտրել Մանդելայի կամ Մուգաբեի ուղին, և եթե երկիրը ղեկավարվում է Մանդելայի ճանապարհով, ապա պետք է զգույշ և ուշադիր  լինել, քանի որ անցումային ժամանակաշրջան է, մակընթացության շրջան, ինչպես նշել է հենց վարչապետը:

Միլսը նաև նշել է, որ հինգ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանգնած է եղել Թավշյա հեղափոխությունից բխած և քաղաքական անորոշությամբ պայմանավորված դաժան քաղաքական մարտահրավերների առջև: Այս պայմաններում Միլսը կարևորում է քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների և կուսակցությունների ազատ խոսքի, քննադատության և կառուցողական առաջարկներ անելու հնարավորությունը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց գրանցել: Միլսը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ նկատել է բացասական երևույթ՝ երբ փորձ է արվում քննադատել որևէ բան, ապա դա որակավորվում է, որ տվյալ անձը դեմ է ապրիլ-մայիսյան իրադարձություններին. «Դուք միշտ պետք է կառուցողական լինեք, բայց ես մի փոքր մտահոգված եմ, զգում եմ կասկածամտություն, ես զգում եմ, որ երբ մենք ինչ-որ բացասական բան ենք ասում կոնկրետ գործողության մասին ... ստացվում է, որ մենք  դեմ ենք ապրիլ-մայիսի իրադարձություններին»:

Քաղաքացիական հասարակության դերը

 Դեսպան Միլսը նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել գարնանը Հայաստանում, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, բացառապես Հայաստանի ներքին իրադարձությունն է, իսկ այն կարծիքները, թե իբր դրանց վրա դրսից  ազդեցություններ են եղել, բացարձակապես անհիմն են. «Դա հայերի կողմից առաջնորդված միջոցառում էր, ժողովրդի կողմից ... սա ժողովրդի լայնածավալ շարժում էր, և ես դեռ վաղուց եմ սովորել, որ պետք չէ դեմ գնալ հայ ժողովրդին և նրանց հաստատակամությանը»:

Միլսը հավատում է, որ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ կառավարության, ԵՄ-ի և  Հայաստանի բոլոր բարեկամների կողմից քաղաքացիական հասարակության կայացմանն աջակցելու և դաստիարակելու գործընթացը բավականին կայուն հիմքեր են հաստատել և ի վերջո հանգեցրել են հայտնի իրադարձություններին: Միլսը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներից մեկը, ով ԱՄՆ-ում է սովորել, հետո իրեն պատմել է, որ ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ամբողջ ընթացքում իր գրպանում պահել է Մարտին Լյութեր Քինգի «Բիրմինգհազյան բանտից նամակ»-ի  պատճենը. «Սա փոքր բան է, բայց շատ հզոր խորհրդանիշ է այն բանի, թե ինչպիսին է արտաքին ազդեցությունը մարդկանց կյանքում»:

Ինչպե՞ս է ԱՄՆ-ն տեսնում Հայաստանը

 Դեսպան Միլսն ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին տեսնում է որպես տարածաշրջանում ընկեր, գործընկեր, ում հետ բազմաթիվ ոլորտներում կան ամուր հարաբերություններ և  «նրանց դուռը միշտ բաց է»:  Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը հատուկ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, Միլսը նշել է, որ ԱՄՆ-ն չի ակնկալում կամ հորդորում, որ Հայաստանը հեռանա  այդ հարաբերություններից. «Մենք միայն ուզում ենք բաց դռներ, որպեսզի Հայաստանը կարողանա հարաբերություններ ունենալ ում հետ կցանկանա՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Չինաստանի»:  Նա նշեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր հավասարակշռված արտաքին քաղաքական մոտեցումը:

«Վերջիվերջո, այն, ինչ մենք ուզում ենք Հայաստանի համար, այն է, որ հետևի շատ հիմնարար սկզբունքների վրա հիմնված իր արտաքին քաղաքականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է, այն պետք է իր սեփական որոշումները կայացնի՝ իր սեփական շահերի և հայ ժողովրդի շահերի հիման վրա», - ասել է Միլսը` նշելով, որ սա կարող է պարզ թվալ, բայց շատ դժվար է իրականացնել:

«Մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ Հայաստանը մնում է ինքնիշխան երկիր, որն ազատ է իր որոշումները կայացնելու մեջ, մենք ուզում ենք օգնել, որպեսզի անվտանգության, էներգետիկայի  կամ տնտեսական կապերի հարցերում Հայաստանն  ավելի շատ տարբերակներ ունենա, որպեսզի որոշ երկրներ Հայաստանի նկատմամբ այդքան լծակներ չունենան: Մեր շատ ծրագրերն ու ջանքերը հենց այդ ուղղությամբ են կենտրոնացված»,- ընդգծել է Միլսը:

Դեսպանը նաև հայտնել է, որ Հայաստանին մեծ աջակցություն է ցուցաբերվել այն ուղղությամբ, որպեսզի այն ունենա դիվերսիֆիկացված էներգետիկ հատված, որպեսզի կախման մեջ չլինի այլ ազգերից: Սակայն, իրավիճակը շատ բարդացնում է այն, որ չորս հարևաններից երկուսի հետ փակ սահմաններ են, իսկ Իրանի հետ էլ սահմանափակ հնարավորություններ, ինչպես նաև էներգետիկ բոլոր խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանը: Միլսը հավատում է, որ Հայաստանը կարող է կենտրոնանալ մաքուր, այլընտրանքային  էներգիայի արտադրման վրա:  Միլսը նաև նշեց, որ քանի դեռ Արցախյան հիմնախնդիրը մնում է չլուծված, Հայաստանը միշտ ունենալու է առանձնահատուկ հարաբերություններ ՌԴ-ի հետ:

Արցախյան հակամարտություն

Ռիչարդ Միլսն ասել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: Նա նշել է, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին:

«Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», - ասել է Միլսը:

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»:

Ըստ Միլսի, ստատուս քվոն այլևս Հայաստանի օգտին չէ `փակ սահմաններից մինչև երկրի նյութական և  մարդկային ռեսուրսների սղությունն ու կոռուպցիոն ռիսկերը հակամարտության հետ են կապված: Միլսը նաև նշել է, որ պետք է հասկանալ, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, մարդիկ են մահանում, ուստի պետք է հայրենասեր լինել...

Ամերիկացի դիվանագետը նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Իրանը, տարածաշրջանը

Ներկայիս գլոբալ պայմաններում ԱՄՆ-ն հասկանում է, որ Իրանը Հայաստանի հարևանն է և ի գիտություն է ընդունում այն, որ 2008-ին, երբ պատերազմով պայմանավորված Վրաստանի հետ սահմանը փակ էր, Իրանը Հայաստանի միակ կապող օղակն էր արտաքին աշխարհի հետ: Միլսի խսքերով, Վաշինգտոնը չի պատրաստվում Հայաստանին ստիպել վերջ դնել Իրանի հետ հարաբերություններին կամ թշնամի դառնալ, սակայն երկու հատուկ բան է  պահանջում իր «ընկեր» Հայաստանից:

Միլսը նշեց, որ Հայաստանը ցանկանում է միջազգային հանրության մեջ լուրջ ընկալում ունենալ, և ինքն ուրախ է ոչ թե այն պատճառով, որ բարեկամաբար է վերաբերվում Հայաստանին, այլ քանի որ ԱՄՆ-ն հավատում է, որ  ՀՀ-ն կիսում է իրենց արժեքները, տեսակետներն աշխարհի ընթացքի մասին, հետևաբար ուրախ կլինի, եթե Հայաստանի դերն ավելի կարևորվի աշխարհում, սակայն նա նաև նշեց. « Եթե  քո ձայնը լսելի է միջազգային հանրության մեջ, ապա դու պետք է ստանձնես նաև որոշակի պարտականություններ»:

Դիվանագետի խոսքերով, այդ պարտականությունները ներառում են այն, երբ միջազգային հանրության մեկ այլ անդամ «զբաղվում է ապակառուցողական վարքով, որը խախտում է միջազգային իրավունքը կամ վարքագծի նորմերը», ապա պետք է արձագանքել: Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ-ն կուզենար, որ ՀՀ-ն նույնպես ստանձներ պատասխանատվություն նման դեպքերում և քննադատեր միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների՝ այս դեպքում Իրանի կողմից. «Մենք հասկանում ենք, որ երբեմն դժվար է լինում, բայց դա այն է, ինչը մենք ակնկալելու  ենք»:

Ինչ վերաբերում է Իրանի հետ տնտեսական համագործակցությանը, ապա Միլսը նշել է, որ ԱՄՆ-ն չի ասում, որ Հայաստանը դադարեցնի Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: ԱՄՆ-ն ընդամենը կոչ է արել ուշադրություն դարձնել, թե ում հետ են Իրանում գործարքներ կնքում, որպեսզի ԱՄՆ պատժամիջոցները չազդեն նաև Հայաստանի գործարարների վրա՝ նշելով, որ պատժամիջոցները չեն վերաբերում Իրանի ամբողջ բիզնես հատվածին, այլ թիրախային են և վերաբերում են կոնկրետ ոլորտներին:

Ամուլսար

Այս մասով Ռիչարդ Միլսն ասել է, որ չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ:

«Ծրագրի ֆինանասավորումը ապահովել են բաժնետերերը և ինստիտուցիոնալ ներդրողները: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ», - նկատել է Միլսը:

ԱՄՆ դեպսանն ասել է, որ մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր սկսել հանքարդյունահանումը. «Ծրագիրը դեռ շինարարության փուլում է, և ստացվում է, որ հանքավայրը փակվել է առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության: Կարելի էր ևս մեկ բնապահպանական հետազոտություն անցկացնել, եթե ընկերությունը և կառավարությունը նման որոշում կայացնեին, և միաժամանակ շարունակել շինարարությունը», - ասել է Միլսը:

Դեսպանն ավելացրել է, որ Հայաստանում կա 27 մետաղական հանք, և դրանցից ոչ մեկի աշխատանքը չի կանգնեցվել:

«Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից», - ասել է Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշներով աշխատող ծրագիր է, որն արդեն «բավական շատ քայլեր է արել» և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված լինելու ապացույց չկա, մինչդեռ աշխատանքները դադարեցվել են «առանց կառավարության կողմից իրավական որոշման»:

Ցուցարարները փակել են հանք տանող ճանապարհը, նշել է Միլսը, ասելով, որ թեև ինքը քաղաքացիական անհնազանդության ուժի հանդեպ մեծ հավատ ունի, «նման գործողություններն արդարացված են, եթե տեսակետներն արտահայտելու այլ եղանակ չկա»:

«Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է, որ արդարացնում է հարյուրավոր մարդկանց աշխատանքի կորուստը և այս ներդրման չեղարկումը», - շեշտել է դեսպանը:

«Սա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել, և պետք է ինքներդ եզրակացություններ անեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն», - ասել է Միլսը:

Աջակցության ավելացում

Միլսը նշել է, որ  ԱՄՆ կառավարությունն ավելացրել է օգնությունը Հայաստանին լրացուցիչ 14 մլն դոլարով: Առաջիկա տարում ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլարի չափով օգնություն 2018 թվականի  ֆինանսական տարում նախատեսված  օտարերկրյա օգնության ֆոնդից, ինչը 20 միլիոն դոլարով ավել է, քան նախատեսված  էր Հայաստանի համար: ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ այդ միջոցները կուղղվեն  երկրում քաղաքական գործընթացների, քաղաքացիական հասարակության և ազատ ԶԼՄ-ների ամրապնդմանը և կայացմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:  Դեսպան Միլսն էլ նշեց, որ իրենք ակնկալում են  «ավելի շատ հաշվետվողականություն, թափանցիկություն, հասարակություն, որտեղ բոլորը նույն կանոններով են խաղում»:

Միլսը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրաժեշտից առաջ նվիրել է Ջոն Ադամսի մասին գիրք. « Ինչպես գիտեք, Ջոն Ադամսը մեր հիմնադիր հայրերից  մեկն է: Ես Ջոն Ադամսի մեծ երկրպագու եմ, քանի որ նա հավատում էր մարդկանց իշխանությանը և նրան, որ մարդիկ ունեն կարողություն և արժանապատվություն որոշելու, թե ինչն է ճիշտ իրենց համար: Ադամսը միշտ վստահ է եղել, որ հեղափոխության միակ ճանապարհը պետք է խաղաղ ուղին լինի: Նրա հայտնի խոսքերից է, որ Ամերիկյան Հեղափոխությունը չի հաղթել ռազմադաշտերում և փողոցներում, այն հաղթել է ամերիկացիների սրտերում և մտքերում: Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր ուղերձ է հիմա և իմ մոտեցումները կիսում է նաև Հայաստանի վարչապետը»:

Վերջում Ռիչարդ Միլսը նշել է, որ դեռ երկար ժամանակ կպահի իր մտքում Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը, քանի որ այն խաղաղ էր և անկանխատեսելի:

 

 

Նույն շարքից