Քաղաքականություն 

«Վրացական Սիբիրում» ձմեռը երկարատև ու հոգսառատ է

analitik.am

 Ջավախքի ձմեռը երկարատև, սառնաշունչ և հոգսառատ է, և իզուր չէ, որ Ջավախքը կատակով անվանում են «վրացական Սիբիր»: Սովորաբար ջավախքցիները ձմռան գալուն սկսում են նախապատրաստվել հուլիսի վերջերից, քանի որ այստեղ ձմեռը շատ «անակնկալներ» է մատուցում: Ծանր և երկարատև ձմեռը, մասսայական գործազրկությունը հարկադրում են ջավախքցուն իր վերջին խնայողությունները զոհաբերել:

Արդեն երկու-երեք տարի է, ինչ ջավախքցիներն ունեն կապույտ վառելիք. գազաֆիկացվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակավայրերի ավելի քան 70 տոկոսը: Սակայն, գազի գինը  բավականին բարձր է (խորանարդ մետրը 48 թեթրի,  մոտավորապես 130 AMD) և ջավախքցիների  մեծ մասը ձմռանն իրենց բնակարանները նախընտրում են ջեռուցել    աթարի, փայտի ու քարածուխի միջոցով: Քարածուխը Վրաստան հիմնականում ներմուծվում է ՌԴ-ից ու վաճառվում առասպելական թանկ գնով, իսկ   վառելափայտն էլ այստեղ միշտ  քիչ է լինում:  Եթե քարածուխը վաճառվում է մեկ տոննան մինչև 300 դոլարով, ապա վառելափայտի խորանարդ մետրը վաճառվում է  համարյա 70 լարիով (մոտավորապես մինչև 50 դոլար): Եվ ջավախքցիների համար ամենաէժան տարբերակը  մնում է աթարը, որը բավականին շատ է և էժան:

 Նշենք, որ ջավախքցիների համար բնակարանների ջեռուցումը բավականին «թանկ հաճույք» է նաև այն պատճառով, որ   այստեղ ձմեռը, սովորաբեր,  4-5 ամիս է տևում:  Սակայն  վերջին տարիների կլիմայական անոմալիաների ի հայտ գալը ի շահ լեռնաբնակ ջավաքցիների էր, քանի որ  այստեղ ինչ-որ չափով երկարաձգվում է ձմռան գալը:  Օրինակ այս տարի ընդհուպ մինչև  նոյեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակը բավականին չոր և տաք եղանակներ էին,  նույնիսկ, Փարվանա լճի ավազանի գյուղերը տանող ճանապարհները մինչև հիմա բաց են և երթևեկելի: Սա հույս է ներշնչում ջավախքցուն՝ սպասվելիք ձմեռը ավելի թեթև, քիչ թե շատ անհոգ  և շատ խնայողություններով  անցկացնելու համար: Սա, իհարկե, հարցի լուծում չէ, քանզի չի կարող ամեն տարի ջավախքցին սպասել, որ ձմեռը բարեխիղճ կգտնվի, բայց մի կողմից էլ այլ ելք, ամեն դեպքում, այս պահին չկա, քանզի մինչև այսօր էլ անորոշ է, թե ո՞ւմ են հուզում ջավախքցու խնդիրները՝ հայրենի պետությանը, թե Վրաստանին... Դաժան իրականությունից փախուստ չկա...



Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից