Քաղաքականություն 

ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման կարևորության մասին

analitik.am

Հոկտեմբերի 14-15-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը երկօրյա այցով մեկնել է Ֆարս նահանգ:

Նահանգապետ Էսմայիլ Թաբադարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու, արդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Ֆարսի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, Իրանի հետ տնտեսական համագործակցության պայմանները, Հայաստանի գործարար միջավայրը բնութագրող ցուցանիշները:

ԵԱՏՄ երկրների հետ փոխգործակցության համատեքստում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման կարևորության մասին, ներկայացրել ՀՀ նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը և նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչներին առաջարկել այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է գործարարների բազմաթիվ հարցերին:

Նահանգային այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղել է Շիրազի համալսարանում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համալսարանի փոխնախագահ Ալիռեզա Աֆշարիֆարի հետ: Վերջինս ներկայացրել է համալսարանի գիտակրթական գործունեությունը, խոսել հաստատված միջազգային կապերի, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի մասին: Դեսպան Թումանյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտը, մասնավորապես հայաստանյան ԲՈւՀ-երի գործունեությունը:

ՀՀ դեսպանն այցելել է նաև Ֆարս նահանգի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և ծանոթացել դրանց գործունեությանը, այցելել Պերսեպոլիս պատմամշակութային հնավայր:

Արտաշես Թումանյանը եղել է Շիրազի «Հայ ակումբում», որտեղ տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից