Հասարակություն 

Գլխատել են ու մարմինը մասնատել. Մանրամասներ՝ սաուդցի լրագրողի դաժան սպանությունից

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջիին ամենայն հավանականությամբ կտտանքների են ենթարկել և սպանել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Ընդ որում, հարցաքննությանը ներկա է եղել նաև գլխավոր հյուպատոսը: Այս մասին հայտնում է Հյուրիաթը՝ հղում անելով ԶԼՄ-ների հետաքննությանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, լրագրողին դաժան կտտանքների են ենթարկել, ապա գլխատել ու մասնատել մարմինը:

Թուրքական Ենի շաֆակ թերթը հայտնում է, որ իր տրամադրության տակ ձայնագրություն կա, որը վկայում է հարցաքննությանը գլխավոր հյուպատոս Մուհամմեդ Ութայբիի ներկայության մասին:

Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է գլխավոր հյուպատոսը խնդրում դա անել այլ վայրում, ինչին ի պատասխան մեկ այլ ձայն սպառնում է հյուպատոսին հաշվեհարդարով հայրենիքում, եթե վերջինս շարունակի հակառակվել:

Al Jazeera-ն և The New York Times-ը հայտնում են, որ Ստամբուլ մեկնած սաուդյան պատվիրակության կազմում եղել է 15 անդամ, այդ թվում նաև թագավորական գվարդիայի և հետախուզության ներկայացուցիչներ: Ամերիկյան պարբերականը գրում է, որ այդ պատվիրակության 4 անդամները կապ ունեն Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայզն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ:

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, թե թուրքական ոստիկանությունն ապացույցներ է հայտնաբերել, որոնք վկայում են այն մասին, որ հենց հյուպատոսությունում է տեղի ունեցել լրագրողի սպանությունը:

Սաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը լրագրողի անհետացմանը:

Նույն շարքից