Քաղաքականություն 

Խնդիր է, որ նոր ԸՕ-ն չի ունենալու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Էդմոն Մարուքյան

analitik.am

Լույս դաշինքը լինելու է, բայց դեռ պարզ չի, թե ովքեր կլինեն դաշինքում Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցություններից բացի, կամ կլինե՞ն, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԼՔ-ի մաս կազմող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կամ առանձին կամ Իմ քայլը դաշինքով՝ բացառելով, որ դաշինքում կլինեն ԵԼՔ-ի գործընկերները:

Հարցին, թե ժամանակը բավարար է արդյո՞ք արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար, Մարուքյանը նշել է, որ արտահերթ ընտրությունները պահանջում են արտահերթ պրոցեսներ և օրինակ Լուսավոր Հայաստան կուսակցությունն օպերատիվ ռեժիմի մեջ է, եթե անհրաժեշտություն լինի գիշերն էլ հավաքվում են, նույնը վերաբերում է տարածքային կառույցներին:

Ընտրական օրենսգրքի մասով ԵԼՔ պատգամավորն ասաց, որ ունի առաջարկներ, որոնք պատրաստվում է ներկայացնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Մարուքյանը խնդիր չի տեսնում այն բանում, եթե նոր ԸՕ-ն չընդունվի և ընտրությունները տեղի ունենան հին օրենսգրքով. «Հիմա այլ իրավիճակ է, որևէ մեկը փող չի բաժանում: Օրինակ ռեյտինգային համակարգը, որը ստեղծվել էր փող բաժանելու համար, այլևս չի գործելու այնպես, ինչպես գործել է»:

Պատգամավորի մտահոգությունն այն է, որ համամասնականի դեպքում ցուցակներն այնպես կազմվեն, որ մարզերից մարդիկ լինեն անցողիկ տեղերում. «Այս մասով ես քննարկումներ պետք է ունենամ փոխվարչապետի հետ»:

Ինչ վերաբերում է նրան, որ նոր ԸՕ-ն չի ունենալու Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, ինչը Վիգեն Սարգսյանի կարծիքով արհամարհանք է միջազգային գործընկերոջ նկատմամբ, Մարուքյանը նշեց, թե չի կարող ասել, որ խնդիր չկա, սակայն Հայաստանը գտնվում է արտահերթ և արտակարգ վիճակում, հույսն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները կմտնեն Երևանի դրության մեջ:

Նույն շարքից