Այս տարի լրանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակը։ Տարեդարձը նշանավորելու համար հոկտեմբերի 17-ին հրավիրվեց տոնական նիստ։
Նիստին մասնակցեցին և ակադեմիայի հոբելյանը շնորհավորեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից Հայաստան ժամանած գիտական պատվիրակությունների ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց ակադեմիայի անցած ուղու ու ներկայի մասին։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին` որպես Հայաստանի բարձրագույն գիտական հաստատություն, որի առաքելությունն էր միավորել գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելիս, գտնել տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծումներ։
Ի թիվս այլ նվաճումների՝ նոր ու էական արդյունքներ են ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում`կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի, մաթեմատիկական խնդիրների լուծման, ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական ապահովման ուղղությամբ:
Ներկաները շնորհավորական խոսքը հղեցին ԳԱԱ նախագահին, անդամներին ու աշխատակիցներին և խորհրդանշական նվերներ հանձնեցին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն