Պարոն Միրզոյանը ճիշտ կանի, եթե ցինիզմի դաշտից վերադառնա: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ անգամ նախկին ՀՀԿ–ականներին են դիտարկում իրենց կադրային ռեզերվում: Իսկ Սերժ Սարգսյանի մասին լրագրողի հարցին նա նշել էր՝ պարզ է չէ՞, որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնը չի առաջարկվի։
Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն Արցախի հերոս է, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն է եղել. «Այսօր, որ նա անվտանգ ապրում է Հայաստանում, դա Սերժ Սարգսյանի և նրա նման գործիչների իրականացրած հմուտ քաղաքականության արդյունքն է, և առնվազն քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ առաջին փոխվարչապետը նախկին նախագահների մասին նման բաներ չասի: Տվողը դուք չեք: Սերժ Սարգսյանը, եթե ցանկանար, կմնար, նա ընտրված վարչապետ էր»:
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Սերժ Սարգսյանը եղել է ու կմնա Հայաստանում բացառիկ պետական մտածողություն ունեցող պետական այր:
Ինչ վերաբերում է Հանրապետականներին պաշտոններ տալուն, Շարմազանովն ասել է, որ դեմ է ինքնանպատակ պաշտոններ ստանձնելուն, ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար և Հայաստանի շահը, ամեն ինչ պետք է լինի արժանապատիվ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: