Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում հյուրերին առանձնապես տպավորել է հայկական գինին և կոնյակը․«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում մեր հյուրերին առանձնապես տպավորել էր հայկական գինին, հայկական կոնյակը, ինչն ինձ համար շատ կարևոր և լավ նորություն էր, որովհետև ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ։ Մասնավորապես ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիայի առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի որակի կապակցությամբ, ինչն իհարկե լավ է»։
Փաշինյանի խոսքերով, ընդհանուր առմամբ մեր գինին ու կոնյակները շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ իրոք մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության մի որոշակի միջազգային ստանդարտի․ «Կարծում եմ, որ պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մտնելու և ձեռք բերելու գործում»։
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց նաև, որ այս պահին դրա համար մեծ խոչընդոտ է արտադրանքի ծավալները․ «Այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում»։