Հասարակություն 

Վարչապետը ճիշտ որոշում է կայացրել, Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերիյ Օսիպյան

Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, Հունան Պողոսյանը լավ կաշխատի: Լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն:

Օսիպյանը չգիտի՝ կան արդյո՞ք համակարգում էլի մարդիկ, ովքեր կարող են պաշտոն զբաղեցնել նոր իշխանությունների օրոք:

Հարցին, թե որքանով է ոստիկանությունը պատրաստ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ոստիկանապետը նշեց՝ այնքանով, որքանով Երևանի ընտրությունների ժամանակ է եղել:

Օսիպյանի խոսքերով, օրենքի առջև բոլորը հավասար են, իրենք չեն տարանջատում մարդկանց քրեական տարրերի և ոչ քրեական տարրերի. «Ես չգիտեմ նախկինում ինչպես է եղել, բայց եթե ես նախկինում կամ հիմա որևէ հարցում թերացել եմ և որևէ մեկը կարող է փաստ ներկայացնել, կարող է ներկայացնել: Օրենքի առջև բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել խորհրդարանական ընտրությունները: Մենք հատկապես մարզերում օգտագործելու ենք նոր մոտեցումներ»:

Ոստիկանապետը հայտարարեց, որ այսօր ոմանք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, սակայն ինքը, լինելով կառույցի ղեկավարը, գոհ է համակարգի աշխատանքից. «Ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները, ինչի մասին վկայում են Երևանի ավագանու ընտրությունները և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը»:

Նույն շարքից