Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվելու է Մոսկվա, հայտարարեց, որ դա այն հարցերից է, որին պետք է պրակտիկ վերաբերվել. «Հիմա ես այս պահին չգիտեմ կարգավիճակն ինչպիսին է մեր գործընկերների հետ, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր չեմ տեսնում»:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հոկտեմբերի վերջին կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստը տեղափոխվում է Երևանից Մոսկվա:
Որոշումը հիմնավորվել է նրանով, որ Հայաստանում այդ օրերին ԱԺ-ն ցրված է լինելու, իսկ պատգամավորները լինելու են պաշտոնակատարներ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ռուս գործընկերները նախապես քննարկել են արդյո՞ք նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու հարցը և տեղյակ եղել է արդյո՞ք հայկական կողմն այդ մասին, Մնացականյանը նշել է. «Իհարկե մենք խոսում ենք այդ մասին: Դրա համար եմ ասում, որ հարցը պետք է դիտարկել պրագմատիկ դաշտում: Այստեղ մեծ հակահայկական դիտարկումներ փնտրել պետք չէ, հարցը խիստ պրագմատիկ է»: