Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ետ կանչելու գործընթացը, նշեց, որ քննարկումները շարունակվում են. «Կոնսուլտացիաները շարունակվում են այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են հետագայում ի հայտ գալ տարբեր պատճառներով և կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն դրան»:
Մնացականյանի խոսքերով, Երևանն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի ներքաղաքական հարցերը որևէ կերպ չազդեն կազմակերպության հեղինակության վրա. «Կազմակերպության հեղինակությունը մեզ համար այնքան կարևոր է, որքան մյուս անդամների համար»:
ԱԳ նախարարը խոսեց նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի կայանալիք այցի մասին՝ նշելով, որ սպասելիքների մասին կարելի կլինի խոսել ավելի ուշ. «Այցը հաստատված է: Նա գալիս է Ռուսաստան, տարածաշրջան: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք հաստատված օրակարգ՝ տարիներով ձևավորված: Կան մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանին վերաբերող հարցեր, գլոբալ օրակարգ»:
Հարցին, թե ենթադրվում է արդյո՞ք, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության առումով հարաբերություններն ավելի կզարգացվեն, Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի իր դիրքորոշումները և մնում է դրանց շրջանակներում։