Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Կենսաթոշակային համակարգի հաջող ներդրման համար Հայաստանում աղքատությունը պետք է 3 անգամ ցածր լինի

analitik.am

Կենսաթոշակային համակարգի հաջող ներդրման համար Հայաստանում աղքատությունը պետք է 3 անգամ ցածր լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ այդ հարցը բարձր քաղաքական մակարդակով քննարկվել է դեռեւս 2006-2007 թվականներին:


«Ավելի ուշ մեր կուսակցության առաջնորդը եւ եւս երկու պատգամավորներ ներկա են եղել կոալիցիոն քննարկումների: Այն ժամանակ, հիշում եք, մեր կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամ էր: Բայց դա ոչինչ չի փոխել. մենք համաձայն էինք քննարկել կենսաթոշակային համակարգ ներդրումը ոչ թե միանգամից այլ 2014 թվականին, երբ տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթները, հնարավոր է, հաղթահարված կլինեին: Բայց այդպես չեղավ, մինչեւ ճգնաժամը աղքատության մակարդակը 24-25 տոկոս էր եւ ենթադրվում էր, որ 2014-ին այն կնվազի 12-13 տոկոսի: Բայց հիմա այդ ցուցանիշը 35 տոկոս է: Այս պայմաններում կենսաթոշակային բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Մելքումյանը:


Նրա խոսքով՝ հանրապետությունում 120-130 հազար դրամ միջին աշխատավարձի պայմաններում կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներին պետք է փոխանցվի 5-6 հազար դրամ ամսական, ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է զրկեն իրենց կենսական ծախսերից հիմա: «Հենց այդ պատճառով, մենք համարում ենք, որ հիմա կենսաթոշակային բարեփոխումների ժամանակը չէ: Պետք է դադար վերցնել»,-ասաց պատգամավորը:

Նույն շարքից