Իրավական Հասարակություն 

Նրանք պետք է հրաժարական տային. Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասին

analitik.am

ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր փաստաբանները հայց են պատրաստում, որպեսզի դիմեն ՄԻԵԴ-ին՝ կապված ՀՀ նախկին իշխանություններին Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրելու հետ:

Քոչարյանը նշել է, թե ՄԻԵԴ հասնելու համար պետք է նախ Հայաստանում բոլոր ատյաններով գործն անցնի, և ըստ այդմ էլ կորոշվի՝ կհասնի հարցը Եվրոպական դատարան, թե՝ ոչ:

Միևնույն ժամանակ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահը նշել է, որ ՄԻԵԴ-ը բացառություններ է անում, եթե ճնշում է նկատվում դատարանների վրա, իսկ իր դեպքում նման ճնշում կա:

Խոսելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի մասին՝ նախկին նախագահն այն Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է անվանել՝ հավելելով, որ դրան առնվազն հրաժարականների շարք պետք է հաջորդեր. «Սակայն նրանք շարունակում են անել այն, ինչ անում էին, ու իրենց բավականաչափ հարմարավետ են զգում: Իսկ օբյեկտիվորեն ասած, նրանք բռնվել էին հանցագործություն կատարելու պահին, որովհետև դատարանի վրա ճնշումը քրեական հանցագործություն է: Իսկ նրանք շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները»:

Քոչարյանի խոսքերով, միայն այդ փաստը ոչնչացնում է քրեական գործը, որով ինքն անցնում է. «ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է, այնտեղ որևէ բան չկա: Ես այն անվանում եմ իրավական աղբ, այլ բառ բարդ է գտնել»:

Նույն շարքից