Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ գնա փոփոխությունների, ապա դա կլինի միայն մեղմ ձևով:
«Մեր իրավիճակում դժվար է փոխել մոտեցումները, մենք որոշակի ռազմաքաղաքական դաշինքում ենք (ՀԱՊԿ-ը), և դրա համար ակնհայտ այլընտրանք չկա: Կարծում եմ, որ եթե լինեն որոշ փոփոխություններ, դրանք կկատարվեն մեղմ ձևով՝ որոշակի ժամանակահատվածում», - ասել է Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նա գտնում է, որ նախկինում Փաշինյանը ռադիկալ մոտեցումներ է ունեցել քաղաքականության նկատմամբ․ «Բայց մի բան է լինել ընդդիմության մեջ և ասել, որ ռազմակական բազաները պետք է դուրս բերել Հայաստանից, պետք է միանալ ՆԱՏՕ-ին և այլն, և մեկ ուրիշ բան է, երբ դու ուղղակիորեն կրում ես պատասխանատվություն անվտանգության համար՝ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Դու վայրէջք ես կատարում և սկսում ես իրական նայել այն ամենին ինչ պետք է անես», -ավելացրել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահի խոսքերով, այլ հարց է, թե որքանով այդ ամենը կլինի անկեղծ․ «Եթե դու 20 տարի մտածել ես լրիվ այլ կերպ և համոզվել ես քո ճշմարտացիության մեջ, ակնհայտ է, որ մեկ օրում դու չես փոխի քո հայացքները 180 աստիճանով»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցությունից դուրս գալու փորձեր, Քոչարյանը կատակել է․ «Վերջերս Երևանում Comedy club ակումբը շատ հետաքրքիր տեսարան ցույց տվեց, երբ մի քանի երկրներ քննարկում են իրենց հարաբերությունները, նկարագրում են, թե ինչ է կատարվում հիմա և այն, որ ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում»: