Քաղաքականություն 

Գյումրիում արգելվել է հուղարկավորություն անցկացնել

analitik.am

Գյումրիում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի պատճառով արգելվել է հուղարկավորություն անցկացնել։

Նման մեկ ահազանգ ստացել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Բացի այդ, ֆեյսբուքի մի օգտատեր, ով գյումրեցի է, գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Թարմ մառազմներ Գյումրիից՝ վաղը ՊուԾին ձյաձյայի գալու պատճառով մարդկանց արգելել են անգամ թաղումներ իրականացնել, ծանոթներից մեկի տատիկն էր մահացել, չեն թողնում, որ վաղը թաղեն»։ 

«Ես մեկ ահազանգ ստացել եմ, բայց ստուգված չէ։ Ամենայն հավանականությամբ հնարավոր է, որովհետև իրենց մտածելով հարգելի հյուրի անվտանգություն են ապահովում։ Գիտեմ, որ բոլոր այն տարածքներում, որտեղով անցնելու է Պուտինը հատուկ ծառայություններն այցելել են այդ շենքեր, և արգելել են այդ ժամերի ընթացքում մոտենալ պատուհանին, պատուհանից նայել։ Այս տիպի աննախադեպ ու խայտառակ անվտանգության միջոցառումներ չի եղել»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ Գյումրին երեք գերեզմանոց ունի, որոնցից մեկը դեպի Վանաձոր տանող ճանապարհին է՝ հյուսիս-արևելք ընկած հատվածում, իսկ երկուսը արևելքում է։ «Որ Երևանից մտնում են Գյումրի՝ ձախ կողմի ճանապարհին հին գերեզմաններն են, և ենթադրելով, որ թաղումների ժամերը 2-3-ին համընկնում է Պուտինի այցի հետ, շատ հավանական է, որ ասեն ավել ուշ անեն, կամ ավելի վաղ»,- ասաց նա։

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշեց, որ Պուտինի այցի հետ կապված մի շարք փողոցներ փակվել են, ինչից էլ կարելի է ենթադրել, որ թաղումներ հնարավոր չի անել։ «Այսինքն, եթե այդ փողոցները փակ են, ուրեմն ոչ միայն թաղումներ չեն կարող անել, այլ նաև հարսանիքներ»,- ասաց նա։

Վահան Թումասյանը նաև նշեց, որ Գյումրու հրապարակը փակ է ոչ միայն մեքենաների համար, այլ հետիոտների։

 

Նույն շարքից