Հայաստան Քաղաքական 

ՌԱԿ-ը ողջունում է 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը

Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական և սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետևում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին և, միևնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում  ժողովրդավարական  գործընթացը  անշրջելի  դարձնել:

Մեկնելով  վերոհիշյալից, ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր` ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները      ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին և իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու և մասնակցելու այդ ուղղությամբ տարվող գործընթացներին:

Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում  7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:

Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեև որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման,  սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման,  տարածաշրջանում ծավալվող  վտանգավոր զարգացումները վճռականորեն   դիմագրավելու,  հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ և անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել  բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների և համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:

 

Ռամկավար Ազատական կուսակցության

Կենտրոնական  Վարչություն  Գերագույն   Խորհուրդ

Հակոբ Ավետիքյան, Վարդան  Նազիրեան

18.10.2018թ.

 

 

Նույն շարքից