Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաների:
Analitik.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հայտնեց, որ դեպքի մասին տեղեկացրել են խնամակալության և հոգաբարձության քարտուղար Նելլի Սարգսյանին։ Վերջինս անմիջապես մեկնել է նշված հասցե, որտեղ եղել են նաև ոստիկանները, արձանագրություն է կազմվել, և երեխաներին տեղափոխել են «Երեխաների տուն» հաստատություն։
Առաքելյանը նշեց, որ վերջին տասնամյակում սա առաջին դեպքն է:
Մեզ հետ զրուցում Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» քարտուղար Նելլի Սարգսյանն ասաց, որ երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տեղեկացել են, որ Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունում 2 նորածին երեխա են գտել. «Որպես խնամակալության ներկայացուցիչ՝ ես ներկա եմ եղել և ոստիկանության աշխատակցի հետ միասին արձանագրել ենք, որ հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերվել են երկու նորածին տղա երեխաներ: Դեպքն արձանագրելուց հետո մարզպետարանի աշխատակցին ենք հրավիրել և միասին երեխաներին հանձնել ենք Գյումրու «Երեխաների տուն»:
Սարգսյանի խոսքերով, երեխաներն այս պահին գտնվում են «Երեխաների տուն» հաստատությունում. «Երեխաները բժշկի կողմից հետազոտվել են, բայց միայն արտաքնապես, որովհետև մեզ հետաքրքիր էր, կա արդյո՞ք բռնության հետք, թե՝ ոչ: Երեխաները նորմալ և մաքուր վիճակում էին»:
Խնամակալութան ներկայացուցիչն ասաց, որ փոքրիկները մնալու են «Երեխաների տուն» հաստատությունում՝ հավելելով, որ վերջիններիս փաստաթղթերի պատրաստումն ընթացքի մեջ է:
Օֆելի Իսրայելյան