Բարի օր Հասարակություն Վերլուծական 

Ո՞վ է ֆինանսավորում Հայաստանում ԵԱՏՄ-ի դեմ հանրային կարծիք ձևավորելու համար

analitik.am

ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսն արեց մի շարք հայտարարություններ, որոնք մտորելու տեղիք են տալիս: Մասնավորապես,  Արցախի և Իրանի մասով արված հայտարարությունները բավականին լուրջ էին և խնդրահարույց:  Analitik.am-ը որոշեց պարզել, թե արդյոք մեր այլ դաշնակիցների մասին էլ ԱՄՆ-ում  ունեն վերաբերմունք և գործունեություն ծավալում են այդ ուղղությամբ, թե՞ ըստ վարչապետի, դրանք ընդամենը մի «հեռացող դեսպանի հայտարարություններ էին»։ Նշենք, որ ԱՄՆ-ում նույնպես միատարր չէ քաղաքականությունը, հետևաբար չենք բացառում այն տարբերակը, որ Հայաստանի մասով որոշակի դիրքորոշումներ և կարծիքներ կարող են ունենալ միջազգային քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող ամերիկյան որոշ կառույցները, որոնք կարող են կապ չունենալ ԱՄՆ պետական քաղաքականության հետ:

Մեզ հաջողվեց պարզել, որ դեռևս 2014 թվականից NED հիմնադրամը,  որը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծված հիմնադրամ է՝ նպատակը  «ժողովրդավարության տարածումը և տարբեր երկրներում հաստատումը», միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին տրամադրել է  253,529 ԱՄՆ դոլար առ այն, որ բացասական ֆոնի ներքո ներկայացվի ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցումը։

Գումարը տրվել է ինչպես այդ թեմայով  լրագրողների շրջանում սեմինարներ անցկացնելու, այնպես էլ տեսահոլովակներ նկարահանելու համար, որոնց նպատակը ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական հանրային կարծիքի ձևավորումն է։ Նշենք, գումարն ունեցել է աճելու միտում՝ եթե առաջին տարում վերոնշյալ նպատակի իրագործման համար տրամադրվել է 24․400 ԱՄՆ դոլար, ապա 2018-ին գումարի չափը հասել է արդեն  70,629 ԱՄՆ դոլարի:

 

 

 

 

2018 թվականին էլ NED հիմնադրամը տրամադրում է մեկ այլ գրանտ՝ արդեն The Armenian Institute of International and Security Affairs կազմակերպությանը , որպեսզի այն տարբեր տեղեկատվական  ֆորումների, հոդվածների, կլոր սեղանների միջոցով տարածի  այն օրակարգը, ըստ որի Հայաստանը պետք է ընտրի Եվրաատլանտիկ միավորմանը անդամակցելու ճանապարհը։

Փաստացի ստացվում է, որ ամերիկյան կազմակերպությունը ֆինանսավորում է ոչ միայն դեպի ԵԱՏՄ-ն հանրության շրջանում բացասական վերաբերմունք սերմանելու, այլ նաև Եվրաատլանտիկ միավորմանն անդամակցելուն ուղղված օրակարգի ձևավորման համար։

Այս պայմաններում արդեն իսկ կասկածի տակ են դրվում մի շարք փորձագետների, փորձագիտական կենտրոնների կողմից հնչեցրած կարծիքները՝ մասնավորապես ՀՀ արտաքին քաղաքականության ճիշտ ուղղության ընտրության հետ կապված, քանի որ փաստացի կարծիքի ձևավորման համար վճարվում են խոշոր գումարներ, իսկ վճարողների իրական նպատակների մասին պատկերացում մենք չենք կարող ունենալ:

 

Analitik.am-ը շուտով կներկայացնի մանրամասներ NED հիմնադրամի բաժնետերերի մասին:

Արմինե Սահակյան

Նույն շարքից