Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին, նշեց, որ Հայաստանում ցանկացած քաղաքացիներ կարող են միավորումներ, այդ թվում նաև կուսակցություններ ստեղծել:
Ինչ վերաբերում է Քոչարյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիր դաշտում վակուում կա, Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ իր տեղը կդնեն. «Հիմա ընդհանրապես քաղաքական դաշտում վակուում կա, բայց կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունները հենց դրա համար են նաև»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցեց «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի համագործակցությամբ ՀՀ-ում կառուցված աշխարհում խոշորագույն Մայնինգ Ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը:
Լրագրողները Փաշինյանին հիշեցրեցին նաև վերջինիս այն խոսքերը, որ օլիգարխներ չպետք է լինեն Ազգային ժողովում, ինչին ի պատասխան նա նշեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ արդյո՞ք, վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ Հայաստանում օլիգարխներ չկան:
Լրագրողների ու Փաշինյանի զրույցին ներկա էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով դիմելով վարչապետի պաշտոնակատարին, ասաց․ Լավ էլ դիմանում ես, պարոն վարչապետ: