Քաղաքականություն 

ԱԺ նախագահին պահանջեցին «անօրինական» բերման ենթարկվողների հարցով զբաղվել

analitik.am

ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից մի խումբ պատգամավորներ պահանջեցին «անօրինական» բերման ենթարկվողների հարցով զբաղվել։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ նշեց. «Այսօր առավոտից ինքնիշխանության և պետականության համար պայքարող ակտիվիստներին բերման են ենթարկվում, և ես որպես ԱԺ պատգամավոր, մտահոգված եմ ու դատապարտում եմ Ոստիկանության այդ քայլերը։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը իմանալ: Արդյո՞ք չարժե, որ ԱԺ-ն անդրադառնա այս իրավիճակներին, որովհետև ականատես ենք լինելում նրան, որ ինչ-ինչ պատճառներով ակտիվիստներին բերման են ենթարկվում՝ ոչ թե նրանց գործողությունների համար, այլ ուրիշներին ցույց տալու և վախեցնելու համար»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի պատասխան նշեց, որ եթե լինի որևէ դիմում-բողոք կամ հարցադրում ԱԺ, անպայման  քննարկում կկազմակերպվի՝ ճշտելու՝ օրինականությունը խախտվել է, թե ոչ:

Միևնույն ժամանակ ԱԺ նախագահը ավելացրեց, որ  ինքը նույնպես դատապարտում է ցանկացած անօրինակություն, անկախ նրանից, թե ում կողմից է իրականացվում։ 

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, թե բառացինորեն անօրինական ձերբակալություն են տեղի ունեցել, իսկ  Զարուհի Փոստանջյանը լրացրեց, թե դա միայն մի մասն է, և ինքը բողոքներ է ստացել, որ մարդկանց բռնի տանում են դրոշակներով Պուտինին դիմավորելու, քանի որ վերջիններս պետական համակարգի աշխատողներ են։

Զարուհի Փոստանջյանը  ԱԺ նախագահին հարցրեց, թե բացի ոստիկանների կողմից մարդկանց անօրինական բերման ենթարկումը դատապարտելը, չի՞ դատապարտում նաև այս գործողությունները։

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը որևէ բողոք չի ստացել։ «Բայց համամիտ չեմ այն նախաձեռնություններին, որ ստիպում են փողոցներում դիմավորել որևէ մեկին։ Եթե դուք ունենք գրավոր բողոք, կարող եք տրամադրել»,-ասաց նա և ավելացրեց, թե պատկան մարմիների հետ հիմա կխոսի, որպեսզի նման միջադեպեր չլինեն։

Օրակարգը հաստատվելուց հետո Հովիկ Աբրահամյանը տեղեկացավ իրավիճակից և հայտարարեց, թե որևէ ակտիվիստ չի ձերբակալվել, այլ նրանք բերման են ենթարկվել, քանի որ շենքի վրա պաստառներ են փակցրել։ «Սա ուղղակի տեղեկացնելու համար»,-ասաց նա։ 

Նույն շարքից