Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
Ցավով պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում Հայաստանում ոչ քաղաքացիական ինստիտուտի, ոչ էլ իրավապաշտպան ոլորտում որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել: Վերոնշյալն անձամբ իմ փորձով զգացել եմ 2016-ին, երբ լրագրողի նկատմամբ ակնհայտ ճնշումներ գործադրվեցին իշխանության կողմից, սակայն շատ իբր իրավապաշտպան կազմակերպություններ ուղղակի անտեսեցին կատարվածը՝ գուցե պայմանավորված նախկինում գործող իշխանությունների գործելոճով: Սակայն, այսօր, երբ ակնկալվում է, որ պետք է փոխվի նախկին իշխանությունների գործելաոճը, մենք ականատես ենք լինում նրան, որ այլ կարծիք ունեցող մարդկանց բացահայտ սպառնում են, նկարահանում սպառնալիքը և տեղադրում համացանցում և որևէ արձագանք չկա ոչ իրավապահ մարմինների, ոչ էլ իրավապաշտպան հատվածի կողմից:
Փաստացի, ստացվում է, որ գոյություն չունի որպես այդպիսին իրավապաշտպան հատված Հայաստանում, իսկ այն, ինչ կար, գործում էր բոլորովին այլ նպատակների համար:
Ազատ խոսքի, ազատ կարծիքի արտահայտման, մարդու տեսակի ճնշման բացառումն է հենց ժողովրդավարության հիմքում, սա է ժողովրդավարության կարևորագույն սկզբունքը, այլ ոչ թե հրապարակում գոռալով որոշումներ ընդունելը: Քանի այս պարզ ճշմարտությունը չի հասկացվել ու գիտակցվել, որևէ որակական փոփոխություն չի կարող տեղի ունենալ մեր երկրում:
Հ.Գ. Ի վերջո կարելի է ատել ԱդեկվաԴ-ին, Հանրապետական պատգամավորներին, Նիկոլ Փաշինյանին կամ ում ուզեք, սակայն դա չի տալիս իրավունք բռնանալ այլոց կարծիքի և ազատ արտահայտվելու իրավունքին, առավել ևս սպառնալ ֆիզիկական հաշվեհարդարով: