ՀՀ-ում հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EADaily-ին տված հարցազրույցում հայտարարություններ էր արել առ այն, որ Արցախի «գրավյալ» տարածքների վերադարձն Ադրբեջանին անխուսափելի է, առանց որի չի կարող լուծվել հակամարտության հարցը: Նա նաև նշել էր, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Միլսի խոսել էր նաև այն մասին, որ ԱՄՆ պետական դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ վերջինս աջակցում է ահաբեկչության տարածմանն աշխարհում՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է Հայաստանից, որպեսզի վերջինս քննադատի միջազգային հանրության այն անդամներին, ովքեր խախտում են միջազգային նորմերը՝ ի նկատի ունենալով Իրանին:
Analitik.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունների մասին հայտնեց իր դիրքորոշումն՝ ասելով, որ սովորաբար կա պրակտիկա, որ դեսպանները ռեալ շեշտադրումներով են հեռանում. «Չնայած, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ դա հեռացող դեսպանի հեռացող հայտարարություն է, ես չեմ կարծում, որ դա այդպես է, որովհետև, սովորաբար կա պրակտիկա, որ հեռացող դեսպաններն ավելի շատ ռեալ շեշտադրումներով են հեռանում և իրենց ժառանգներին թողնում են տվյալ գնահատականները:
Նախ առաջինը՝ Հայաստանի վարչապետի գնահատականը չեմ համարում ամբողջական և կարծում եմ, որ միգուցե պարոն վարչապետը փորձեց ցրողական պատասխան տալ, որպեսզի չանրադառնա դրան՝ գիտակցելով հայտարարության վտանգավորությունն ու լրջությունը: Մյուս կողմից, եթե պարոն վարչապետը չի գիտակցել, որ դա շատ լուրջ հայտարարություն է, այստեղ մենք բոլորս մտածելու լուրջ տեղիք ունենք»:
Շարմազանովն ասաց, որ համամիտ չէ Միլսի հայտարարության հետ, որովհետև տարածքներն ու փախստականները՝ բոլորը հետևանքներ են, այլ ոչ թե պատճառ. «Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու համար, նախևառաջ պետք է լուծել պատճառները, այլ ոչ թե հետևանքները, իսկ պատճառն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանն Ադրբեջանի դեմ լինելն է: Ինչու՞ է առաջացել այս կոնֆլիկտը՝ Արցախի ժողովուրդն օգտվել է իր աստվածատուր ինքնորոշման իրավունքից, խաղաղ ցույցեր է արել, իրականացրել է՝ սկզբում եղել է Արցախի անկախության հռչակագիր, այնուհետև՝ 1991 թ.-ի դեկտեմբերին, եղել է հանրաքվե, որտեղ Արցախի բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը և դրան ի պատասխան 1991.թ-ից Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա՝ ընդդեմ Արցախի ժողովրդի:
Դրանից հետո այդ տարածքներից, որոնք ադրբեջանցիներն ու ԱՄՆ դեսպանն անվանում են օկուպացված, ամենօրյա ռեժիմով կրակահերթեր են հնչել և հրթիռներ են արձակվել Արցախի խաղաղ բնակիչների վրա: Դրանք օկուպացված տարածքներ չեն, որովհետև օկուպացված տարածքը այն է, երբ նախօրոք պլանավորում ես դրանք գրավել և քո շահերի համար օգտագործել: Պատերազմի ժամանակ այդ տարածքներից կրակահերթեր են հնչել, սպառնալիք է եղել Արցախի բնակչության համար, և պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերն Արցախի ժողովրդի էլէմենտար ֆիզիկական գոյությունն ապահովելու համար պետք է այդ կրակահերթերը դադարեցնեին»:
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրի լուծմանը, ապա Շարմազանովն ասաց, որ դա նախևառաջ պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ 3 սկզբունքների հիման վրա, որտեղ որևէ սկզբունք չի կարող ավելի առաջնահերթ դիտվել, քան մյուս սկզբունքը. « Ուստի ԱՄՆ դեսպանը կամ մեր մյուս գործընկերներից, ովքեր նման բանի մասին խոսում են, պետք է շատ լավ գիտակցեն, որ առաջին՝ անհրաժեշտ է պահպանել ինքնորոշման իրավունքի իրացման ամբողջականությունը՝ նախևառաջ պետք է լուծել պատճառը, ոչ թե հետևանքը , երկրորդ՝ առանց Արցախի ժողովրդի որևէ մեկն իրավունք չունի լուծել այդ խնդիրները: Ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Էստոնիայի քաղաքացիները և հետխորհրդային երկրի ցանկացած ժողովուրդ, այնպես էլ Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն իրենք իրենց ճակատագիրը տնօրինել: Սա պայքար է ոչ թե տարածքների համար՝ Հայաստանի և Ադրբեջանի դեմ և միջև, սա նախևառաջ պայքար է հանուն մարդու իրավունքների պաշտպանության, հանուն ազատության ու սեփական երկրում անկախ ապրելու»:
Հարցին, թե կարելի՞ է արդյոք ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը համարել ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետ Արցախի հարցում, Շարմազանովն ասաց, որ դա պատահական հայտարարություն չէր և մեր խորհրդարանական դիվանագիտությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, որպեսզի կարողանա կյանքի կոչել համանախագահ երկրների հին նախագահների այն հայտարարությունները, որոնք եղել են, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացումը հստակ նշված է. «Դա նաև ասել ենք մեր իշխանության տարիներին և հիմա ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Արցախի խնդրի լուծումն առանց Արցախի իշխանության ու բնակչության անհնար է»:
ԱՄՆ դեսպան Միլսի կողմից արված Իրանին վերաբերող հայտարարության մասով Շարմազանովն ասաց, որ չի ցանկանում հապշտապ գնահատական հնչեցնել. « Այն, որ ես հիացած չեմ եղել նոր իշխանությունների արտաքին քաղաքականությամբ և պարոն վարչապետի արտաքին քաղաքական գնահատականներով, միշտ էլ պարզ է եղել, և ամենակարևոր գնահատականը, որ տվել եմ, այն է, որ չեմ տեսնում կանխատեսելիություն արտաքին քաղաքականության մեջ, քանի որ ինձ համար բարդ է, որ մի գործիչ ընդիմության մեջ լինելիս ասում է, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը վատն են և գալիս է իշխանություն՝ ասելով կեցցե հայ-ռուսական հարաբերությունները, կեցցե ՀԱՊԿ-ը, կեցցե ԵԱՏՄ-ն: Այստեղ ես հայեցակարգ չեմ տեսնում , Արցախյան հիմնահարցում նույնպես մեր իշխանական գործընկերները չունեն հստակ հայեցակարգ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինիս հետ հարաբերությունները պետք է լինեն շատ սթափ, Իրանի հետ կապված ցանկացած խնդրին պետք է շատ զգուշորեն մոտենալ, որովհետև Իրանը մեր հարևանն է: Իրանը Ղարաբաղյան հիմնահարցում այն երկիրն է, որը մշտապես ունեցել է բալանսավորված դիրքորոշում՝ ի տարբերություն Թուրքիայի: Մենք թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերություններում պետք է լինենք պետականամետ և սպասարկենք մեր պետական շահը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը և չանենք հայտարարություններ, որոնք կլինեն պոպուլիստական, ականջահաճո և նախընտրական քարոզարշավի տրամաբանության ներքո»: