Քաղաքականություն 

Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք. Պատասխան՝ ԱՄՆ դեսպանին

ԱՄՆ դեսպան Միլսի այն հայտարարությանը, որ Հայաստանը (Արցախը ներառյալ) պարտավոր է «գրավյալ» «տարածք» զիջել հանուն խաղաղության՝ պատասխանում ենք.

-Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրավվում, նրանք ազատագրվում են։

ԱՄՆ-ի պետական շահերը սպասարկող դիվանագետը դժվարությամբ կընկալի մեր դիրքորոշումը, քանզի մեզ համար հայրենիքը ոչ Վիետնամն է ԱՄՆ բանակի համար, ոչ Իրաքը եւ ոչ Լիբիան։ Եւ երբ ոչ հեռու անցյալում, տարիներ առաջ հայ ազգի նկատմամբ թույլ տրված խտրականությունների ու ազգային ճնշումների արդյունքում եւ ոչ մի դիվանագետ չարձագանքեց մեր հոգսերին, մենք ըմբոստացանք անարդար կարգերի դեմ եւ կտրեցինք մեզ հարվածող ձեռքը՝ ազատատենչ հայ ժողովուրդն ընդունակ չէ հանդուրժել ոչ բռնատիրություն եւ ոչ անարդարություն, մենք ինքներս նպաստեցինք առկա խնդիրների լուծմանը։

Պարոն դեսպան, այդ «տարածքներում» են մեր ազգակիցները բնակվել, բնակվում, ստեղծել ու ստեղծում մշակույթի համամարդկային նշանակության նմուշներ, այնպիսի նմուշներ, որոնք գազանաբար կոտրվում էին հայաթափված մեր հայրենիք Նախիջեւանում համաշխարհային հանրության (այդ թվում եւ ձեր) աչքի առաջ, ուստի մեր հասարակությունը գիտակցում է, որ ինքն է հանդիսանում ե՛ւ իր ազգակիցների անվտանգության, ե՛ւ այդ պատմական ժառանգության պահպանման երաշխավորը։

Այսօր այլեւս ապարդյուն են ձեր դիվանագիտական շաղակրատանքները, միակ խնդիրը, որ հասու է ձեր լուծմանը՝ ադրբեջանական պետության իշխանությանն իրականության հետ առերեսելն ու համակերպելն է։

Հայաստանի եւ հայ ժողովրդի խաղաղության միակ երաշխիքը Հայկական բանակն է եւ ինքը՝ հայ ժողովուրդը։

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

  • 203
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 5
  •  
  •  
  •  
    210
    Shares

Related Articles