Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվեց: Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Վահե Մոսինյանը:
«Այսօր փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, դադարեցվեց վառարանի աշխատանքը, փակվեց Հայաստանի միակ պղնձաձուլարանը, որը համայնքի հիմնական զբաղվածության օջախն էր։ Սա մեծագույն հարված է Ալավերդի համայնքին, մեր ազգաբնակչությանն ու ողջ երկրին։ Անթույլատրելի մի արարք, որն իր ծանր հետևանքներն զգացնել կտա շատ արագ։ Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն էլ ավելի է քայքայվում։
Հ․Գ․ - Միայն խոսելով չի, գործ պետք է արվի, գործ։ Մեռանք ճառեր լսելով․․․ իսկ ժողովուրդն աչքները ջուր կտրած մի «զանգ կախողի» են սպասում․․․»,-գրել է Մոսինյանը:
ՀՀ Բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքի արդյունքում առաջացած ծուխը թույլատրվածից շատ է, ինչի պատճառով էլ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությունը տուգանվել է:
Ըստ Analitik.am-ի տեղեկությունների, տուգանքն այնքան մեծ է, որ պղնձաձուլարանը գերադասել է փակվել, քան մուծել տուգանքները և շարունակել աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ պղնձաձուլարանում աշխատում է մոտ 600 մարդ, Բնապահպանական տեսչությունը տեղեկացվել է գործարանի հնարավոր փակման մասին, սակայն չի փոխել տուգանքի չափը: Արդյունքում աշխատակիցներն օրեր առաջ փակել էին Մ-6 միջպետական մայրուղին՝ պահանջելով, որպեսզի պղնձաձուլարանը չփակվի: