Հասարակություն 

Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր:

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների հաղթահարման, օրինականության ապահովման, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում, և ԱՊՀ շրջանակում համագործակցության խորացումը կնպաստի միջպետական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քրեակատարողական ծառայությունների գործունեության շարունակական բարելավման և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցման, փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության ընդլայնումը:

Հանդիպման մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոն արդյունավետ է գնահատել ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունը և դրա շրջանակում կատարվող աշխատանքները: Նա վստահեցրել է, որ խորհուրդը շարունակելու է ակտիվ աշխատել և արդյունքներ արձանագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի նշած ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման, տեղեկատվության և փորձի փոխանակման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, դատապարտյալների սոցիալական ինտեգրման, կադրերի վերապատրաստման և այլ ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել այսօր Երևանում կայանալիք խորհրդի նիստի աշխատանքներին:

  • 95
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    95
    Shares

Related Articles